Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք նախատեսում են վերակառուցման աշխատանքներ իրականացնել այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի ազատագրված տարածքներում»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Ադրբեջանի նախագահը պնդել է, որ ներկայումս Արցախի օկուպացված տարածքներում ամբողջությամբ ավերված է այնքան տարածք, որքան Լիբանանի ողջ տարածքն է։ Նրա խոսքով՝ Ադրբեջանում մեկնարկել է «Մեծ վերադարձ» կոչվող պետական ծրագիրը, որի շրջանակներում իրականցվել է առաջին պիլոտային ծրագիրը։
«Պատերազմի ավարտից հետո ավելի քան 400 տեղահանվածներ վերադարձան իրենց հայրենի վայրեր և հաստատվեցին ընդամենը մեկուկես տարվա ընթացքում։ Մեր ծրագիրն է հարյուր հազարավոր նախկին հարկադիր վերաբնակների վերադարձնել իրենց տները, քանի որ հայկական օկուպացիայի արդյունքում մեր մեկ միլիոն հայրենակիցները դարձել են փախստականներ ու հարկադիր վերաբնակներ»,- նշել է նա:
Ալիևը պնդել է նաև, որ վերջին 20 տարում Ադրբեջանի տնտեսությունը եռապատկվել է, ինչն, իր համոզմամբ՝ կարելի է համաշխարհային ռեկորդ համարել։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ելնելով արտաքին պարտքի կրճատման ռազմավարությունից, իրենք կրճատել են Ադրբեջանի արտաքին պարտքը և 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն գտնվում է երկրի ՀՆԱ-ի 10 տոկոսից ցածր մակարդակում։ «Իրականում սա այն նպատակն էր, որը ես մի քանի տարի առաջ դրել եմ կառավարության առջև»,- ասել է նա։
Վերջինս հավելել է նաև, որ Ադրբեջանի տնտեսական զարգացումը երկրին հնարավորություն տվեց ապավինել սեփական ռեսուրսներին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր տնտեսապես անկախ է, և դա երկրի կառավարության հիմնական նպատակներից մեկն էր։
«Իրականում մենք ավարտին ենք հասցնում միջազգային ֆինանսական կառույցների կողմից ֆինանսավորվող նախագծերի իրականացումը»,- եզրափակել է Ալիևը։