Խաղաղության պայմանագրում արդեն կան կետեր, որոնց շուրջ Հայաստանը Ադրբեջանի հետ եկել է համաձայնության։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը` չմանրամասնելով, թե որ հարցերի մասին է խոսքը, քանի որ դա կարող է խանգարել ընդհանուր գործընթացին։
Հարցին, թե Արցախին վերաբերող ինչ դրույթներ կան խաղաղության պայմանագրում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Արցախի հարցը երկու երկրիների պայմանագրի մեջ, իմ ընկալմամբ, պետք է որևիցե ձևով արտահայտված չլինի։ Մենք պետք է հասկանանք , մեր երկրի շահերից, մեր ժողովրդի շահերից, Արցախի ժողովրդի շահերից բխո՞ւմ է , որ այս փաստաթղթում մենք ունենանք որևէ բան Արցախի մասին»։
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ սա չի նշանակում, թե ՀՀ-ն որևէ կերպ հետ է կանգնում Արցախի շահերի ու արցախցիների իրավունքների պաշտպանությունից։
«Մենք պետք է հասկանանք՝ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որն ունենք, ինչ-որ մասով մեզ բավարարո՞ւմ է ու արդյոք նոր դրույթ դնելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանգրի մեջ՝ չեղյալ չենք հայտարարի նոյեմբերի 9-ում տեղ գտած մեզ համար, Արցախ ժողովրդի համար կարևորագույն արձանագրումները, որոնց տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը», - ընդգծեց Ալեն Սիմոնյանը: