Կորոնավիրուսային համաճարակը բռնկվել է չինական լաբորատորիայից արտահոսքի հետևանքով. The Wall Street Journal
copy image url

Կորոնավիրուսային համաճարակը բռնկվել է չինական լաբորատորիայից արտահոսքի հետևանքով. The Wall Street Journal

Արտաքին 2 տարի առաջ - 16:50 27-02-2023
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը եկել է այն եզրահանգման, որ աշխարհում կորոնավիրուսային համաճարակը բռնկվել է չինական լաբորատորիայից տեղի ունեցած արտահոսքի հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street պարբերականը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության գաղտնի զեկույցի բովանդակությանը։

Պարբերականը հիշեցնում է, որ կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը նախկինում պաշտպանում էր միայն Հետաքննությունների դաշնային բյուրոն, իսկ ամերիկյան մյուս գերատեսչությունները չեն կիսում այդ կասկածը։ Նշվում է, որ դաշնային բյուրոն «չափավոր վստահություն» ունի վիրուսի լաբորատոր ծագման նկատմամբ, իսկ էներգետիկայի նախարարությունը՝ «ցածր վստահություն»։

Հրապարակման զրուցակիցները նշում են, որ չնայած դիրքորոշումների համընկնմանը, նախարարությունն ու դաշնային բյուրոն տարբեր պատճառներով են հանգել արտահոսքի վարկածին։

Միևնույն ժամանակ ամերիկյան հետախուզությունը հակված է այն վարկածին, որ վիրուսը սկսել է տարածվել վարակված կենդանուց։ 2021 թվականի զեկույցում նշվել է, որ Չինաստանը չի զարգացրել վիրուսը որպես կենսաբանական զենք: Զեկույցի հեղինակները նշում են նաև, որ եթե անգամ լաբորատորիայից արտահոսք է եղել, ապա Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի աշխատակիցները, որտեղից առաջացել է վարակը, այդ մասին չեն իմացել։ Լաբորատորիայի անձնակազմը սկսել է ուսումնասիրել COVID-19-ը բռնկումից հետո:

Վիրուսի ծագումը հետաքննել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն փետրվարի կեսերին ուսումնասիրության երկրորդ փուլը դադարեցվել էր՝ Չինաստանում տվյալների հավաքագրման հետ կապված խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է Չինաստանի Ուհան քաղաքում 2019 թվականի վերջին, որից հետո այն տարածվել է այլ երկրներում։ 2020 թվականի մարտի 11-ին ԱՀԿ-ն կորոնավիրուսը հայտարարեց որպես համաճարակ։

2021 թվականին Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ այցելությունից հետո կազմակերպությունը հայտնեց, որ լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքը շատ քիչ հավանական է: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ հիվանդությունը, ամենայն հավանականությամբ, մարդկանց է փոխանցվում չղջիկներից: Լուրջ քննադատությունից հետո, այդ թվում՝ գործընկերների կողմից, ԱՀԿ ղեկավարը խոստովանեց, որ լաբորատոր արտահոսքի տարբերակը բացառելը վաղաժամ էր։

Չինաստանը բազմիցս անհիմն է որակել չինական լաբորատորիայից կորոնավիրուսի տարածման ենթադրությունը և պնդել, որ վիրուսը ծագել է Միացյալ Նահանգներից, որտեղ զբաղվում էին կորոնավիրուսների հետազոտությամբ։

Համաճարակի սկզբից ի վեր ամբողջ աշխարհում կորոնավիրուս է հայտնաբերվել մոտ 700 միլիոն մարդու մոտ։ Մահացածների թիվը մոտենում է յոթ միլիոնի։