Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը արձագանքել է Հայաստանի արտգործնախարարի հայտարարություններին
copy image url

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը արձագանքել է Հայաստանի արտգործնախարարի հայտարարություններին

Արտաքին 2 տարի առաջ - 12:55 22-01-2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ «քայքայիչ գործողություններն ու հայտարարությունները» չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը և առաջին հերթին ուղղված են Հայաստանի դեմ։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հաջիզադեն այս մասին ասել է՝ մեկնաբանելով «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի արտահայտած կարծիքը։

Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ հարցազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ադրբեջանին ուղղված մեղադրանքները «լիովին անհիմն են ու անընդունելի»։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի արտգործնախարարը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում ադրբեջանական կողմի հետ կայացած հանդիպմանը, որը կլիներ Ժնևի և Վաշինգտոնի հանդիպումների շարունակությունը՝ պնդելով, որ Միրզոյանի հայտարարությունները «կեղծավոր են»։

Հաջիզադեի համոզմամբ՝ Հայաստանի հայտարարությունները, թե հայկական կողմի նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունն է, «անհեթեթ են, քանի որ Հայաստանն օգտագործում է բոլոր միջոցները՝ գործընթացը խոչընդոտելու համար»։ «Հայաստանի արտգործնախարարը հարցազրույցի ժամանակ արտասանել է այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի իշխանությունը, վկայում է այն մասին, որ այդ երկիրը դեռ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից»,- ասել է նա։

Պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Բերձորի ճանապարհի աշխատանքին միջամտությունը, «որը հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխան տարածք» վկայում է այն մասին, որ Հայաստանը դեռևս չի մոռացել «30 տարի շարունակ իրականացվող օկուպացիոն քաղաքականությունը»։ Նա հիշեցրել է նաև, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղն ամբողջ աշխարհը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք։

Վերջինս հավելել է, որ Հայաստանը լուրջ չի վերաբերվում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին։ «Հայկական կողմը պետք է հայտարարի, թե արդյոք պատրաստ է հանդիպման՝ գործընթացը շահարկելու փոխարեն»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված