Սևին սապոնն ինչ կանի, նիկոլենց խրատը դեղին մամուլի և իշխանության միջև
copy image url

Սևին սապոնն ինչ կանի, նիկոլենց խրատը դեղին մամուլի և իշխանության միջև

Ներքին 2 տարի առաջ - 09:43 20-01-2023
Ամեն նոր ողբերգության ժամանակ մենք նորից և կրկին համոզվում ենք, որ կառավարող ուժը այդպես էլ իշխանություն չի դառնա։ Արդեն 5 տարվա փորձ ունեցող այս քաղաքական թիմը այդպես էլ տարրական բաներ չսովորեց, այդպես էլ չսովորեց արձագանքել ողբերգություններին, չսովորեց կառավարում, չսովորեց խնդիրների պարզում և լուծում։ Բոլոր դեպքերում Փաշինյանի դեղատոմսը մեկն է՝ թարմ-թարմ, դեռ դիակները չհավաքած մի հուժկու ելույթ ունենալ, ներկայացնել «եղելությունը»՝ ուղղորդելով քննության ընթացքը, խախտելով անմեղության կանխավարկածը և պաշտոնից ազատելով մի քանի անձանց․ կապ չունի՝ նրանք ինչքան կապ ունեն դեպքի հետ։

Դե դեպք է եղել, պետք է մարդկանց ցասումը զսպել, հայտնի սիթքոմի մոտիվներով՝ «վարսավիրից երկու հատ է, նրա գլուխն են կտրում»։ Բայց սկսենք սկզբից, դեպքից մի քանի ժամ անց Փաշինյանի մակարդակով հայտարարվում է հրդեհի մասին, ավելին՝ մանրամասն ներկայացվում է, թե ով ինչպես է փորձել վառել, ոնց է շպրտել բենզինի շիշը ամենևին էլ ոչ դիտավորությամբ․․․որտեղից քննությանը նման տեղեկություններ և ինչով են այս տեղեկությունները հաստատվում, ինչ ապացույցներ կան, եթե ականատեսները դժվար ի վիճակի լինեին ցուցմունքներ տալ։

Երկրորդ՝ արդյոք ի սկզբանե հայտարարելով այս վարկածը՝ քննչական մարմինները կքննեն այլ վարկածներ ևս, օրինակ՝ անօդաչու սարքի հարված, դիվերսիա, թշնամու միջամտություն՝ հաշվի առնելով Ալիևի հոխորտանքները, որ այդ հատվածում պետք է զորամասեր չլինեն։

Երրորդ՝ հրդեհի վարկածը լուրջ կասկածների տեղիք է տալիս, ինչը արդեն շրջանառում են՝ մրի հետքերն ուր են, պատը ինչպես է փլվել, մյուս պատը բացարձակ մաքուր է, արդյոք բենզին կար, թե ոչ, ինչու են այդ ժամին վառարան վառում, ինչու է սպան վառում, հերթապահները քնա՞ծ էին, ինչու դուռ-լուսամուտով հնարավոր չի եղել դուրս գալ, ինչու է կացարան համարվում այդ լքված տնակը․․․։

Վերջիվերջո՝ հեշտ է ասել՝ բենզինը լցրին, հրամանատարն է մեղավոր, հերթապահը քնել էր, հերթապահն է մեղավոր, զինվորները մահացան, դե +/-15։ Վերջիվերջո նախկինները կան ու կան, նրանք են միշտ մեղավոր, որովհետև «բանակը թալանել են 30 տարի և այդպիսի պայմաններում են մեր զինվորները ծառայում, իսկ խեղճ Նիկոլը չէր հասցնի 3 տարում ամբողջը փոխեր»։

Փաշինյանն այնքան հեռու է պետական կառավարումից, որ անգամ չգիտի պատասխանատվության տեսակները, չգիտի, որ քրեական պատասխանատվությունը լինում է քննությունից հետո, պաշտոնական պատասխանատվությունը, ըստ էության, ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով է լինում, բայց դրա համար էլ պետք է ծառայողական քննություն իրականացվի, կողմերին լսեն, հետո նոր որոշում կայացնեն։ Ոչ թե կառավարության նիստին ՊՆախարար Պապիկյանը կմկմալով մի 3 էջ պաշտոն կարդա, իսկ Փաշինյանն էլ չհասկանա, թե քանի հոգու մասին է խոսքը, ու պարզվի, որ պաշտպանության նախարարն էլ բանակի կառուցվածքից ոչինչ չի հասկանում։

Հատկապես բանակում նման տարրական գիտելիքների բացակայությունը վտանգավոր է, դա «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությունը չէ, որտեղ Փաշինյանը «գժված օրերին» վերից վար բոլորին ազատում էր աշխատանքից։ Պետական կառավարման մեջ, այն էլ բանակում, չես կարող գլխատել մի ամբողջ կորպուս, չես կարող զրկվել պրոֆեսիոնալներից, չես կարող առանց դեպքի քննության եւ մեղավորներին ու նրանց թերացումները պարզելու պաշտոնանկ անել մարդկանց։ Վերջիվերջո, այդ պաշտոններն էլ Ձեր 3-րդ մասի տնից չեք բերել։ Եվ եթե այսօր որևէ մեկը պետք է պատասխան տա կատարվածի համար, ապա առաջինը ՊՆախարարն ու վարչապետն են։

Վերջիվերջո՝ վարչապետն այսօր հայտարարեց, որ «մարդիկ պետք է տիրապետեն իրենց աշխատանքին՝ յուրաքանչյուրը իր գծով», հետաքրքիր է՝ դեռ քանի ողբերգություն, ինչ արհավիրքներ պետք է լինեն, որ այս քաղաքական թիմը հասկանա, որ իրենք մահվան սիմվոլ են, և իշխանության տիտղոսն ամենևեին էլ իրենցը չէ, «դեղին մամուլ» եղած ժամանակ էլ վատ չէին վաստակում, պատասխանատվություն և անեծքներ էլ չկային։