Ֆրանսիական հանրահայտ Charlie Hebdo ամսագիրն անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ ուկրաինական պատերազմը ստիպել է աշխարհին մոռանալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող սպառնալիքի մասին։
Պարբերականը կարծում է, որ այժմ առավել քան երբևէ կարևոր է մոբիլիզացվել հօգուտ հայերի։
«Սա տագնապի ճիչ է և գործողության կոչ: Ընթերցողները, ովքեր խոստացել են աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հարձակման տակ, թույլ չեն տա, որ Կիևի վրա ընկած պատերազմի ստվերում տեղի ունենա հանցագործություն, որն օրեցօր կարող է հանգեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անհետացմանը»,- ասվում է ամսագրի հոդվածում։
Charlie Hebdo-ն գրում է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը խոչընդոտ են հանդիսանում Թուրքիայի և Ադրբեջանի ճանապարհին Թուրքիան Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ կապելու աշխարհաքաղաքական ծրագրի իրականացման հարցում, և դրա համար անհրաժեշտ է նախ ամբողջությամբ գրավել Լեռնային Ղարաբաղը, իսկ հետո Սյունիքը։