Ադրբեջանի կողմից տարածվող քարոզչությունը, թե իրենք թույլատրում են Արցախի տարածք հումանիտար օգնության մուտքը, իրականության հետ որևէ կապ չունի։ Արցախի Հանրապետությանը մինչ այսօր հումանիտար բեռ չի հատկացվել։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Բալայանը՝ անդրադառնալով օրերս ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ անժամանակ նստացույց իրականացնող ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը
հայտարարել էր, որ «հումանիտար օգնության» անվան ներքո Բերձորի միջանցքով տեղափոխվող բեռները ոչ թե օգնություն էին Արցախի ժողովրդի համար, այլ ռուս խաղաղապահների կարիքների համար էին։
«Ադրբեջանը տպավորություն է փորձում ստեղծել, թե ճանապարհը հումանիտար նպատակներով բաց է: Բայց իրականությունն այն է, որ 9-րդ օրը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փաստացի փակվել է ադրբեջանցիների կեղծ ու մտացածին բնապահպանական օրակարգով, ինչի պատճառով հարյուրավոր ընտանիքներ մնացել են իրարից բաժանված և հայտվել հումանիտար ճգնաժամի մեջ։ Արդեն 9 օր է՝ Արցախ չեն մատակարարվում սնունդ, վառելիք և դեղամիջոցներ: Այսքան ժամանակ արցախցիները դիմակայում են սեփական ռեսուրսների հաշվին»,- ասաց նա։
Սամվել Բալայանի խոսքով՝ անցած 9 օրերի ընթացքում, Արցախին միայն մեկ անգամ է օգնություն
ցուցաբերվել։
«Ճանապարհը արգելափակելուց հետո ունենք միայն մեկ դեպք, երբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ առողջական ծանր վիճակում գտնվող հիվանդը
տեղափոխվել է Երևան»,- ասաց նա։
Բերձորի միջանցքն արգելափակելուց և փաստացի Արցախի շրջափակումից հետո ադրբեջանական կողմն արգելափակել էր նաև Հայաստանից Արցախ մատակարարվող գազուղիները։ Գազամատակարարումը վերականգնվեց ցուրտ ձմռան պայմաններում ջեռուցման խնդրի դեմ արցախցիների՝ օրեր շարունակվող պայքարից հետո միայն։
«Բնականաբար, ձմռանն առանց գազ մնալն անգամ մեկ օր լուրջ խնդիր է: Այսօր հստակ կարգավորվում է վառելիքի տրամադրման կարգը, այսինքն՝ անցում է կատարվել խնայողության ռեժիմի, քանի որ չգիտենք՝ ինչքան կտևի Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից»,- ասաց ԱՀ կառավարության ներկայացուցիչը։