Անհեթեթ և տգետ են բոլոր այն պնդումները, թե ՀՀ-ն բանավոր խոստում է տվել որևէ մեկին. Փաշինյանը՝ միջանցք տրամադրելու մասին
copy image url

Անհեթեթ և տգետ են բոլոր այն պնդումները, թե ՀՀ-ն բանավոր խոստում է տվել որևէ մեկին. Փաշինյանը՝ միջանցք տրամադրելու մասին

Ներքին 2 տարի առաջ - 12:16 15-12-2022
Լաչինի միջանցքի փակումը 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից այն պարզ հիմնավորմամբ, որ նշված հայտարարության 6-րդ կետի hամաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապաh զորախմբի վերահսկողության ներքո և ադրբեջանական հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը։ Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներից, միջազգային կազմակերպություններից, որոնք արդեն իսկ գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու և ԼՂ-ում հումանիտար աղետ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությանը։ Միաժամանակ նաև տարօրինակ համարեց մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով։

Վարչապետը նշեց, որ Ադրբեջանը խախտում է հայտարարության այն կետը, ըստ որի՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից տարածքներ․ «Այս ձևակերպումը նշանակում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և ԼՂ-ն ունի տարածք»։

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նաև եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է, որ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում:

«Ադրբեջանը մինչև այժմ պահում է և հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է:

Ադրբեջանը շարունակաբար և կոպտորեն խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե ՀՀ-ն պետք է միջանցք տրամադրի: «ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաև ՀՀ կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ: Բնականաբար, անհեթեթ և նույնիսկ տգետ են պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկի: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանը պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների իրականացմանը, որը տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է:

Եռկողմ հայտարարությունը այս գործընթացում Հայաստանի սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում, հետևաբար, Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը, ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ»,-հայտարարեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։