Մաքսայինում ինվոյսները դնում են մի կողմ, ասում են՝ առավելագույնը վճարեք, հետո վիճարկեք, փողը հետ ստացեք․ ահազանգ՝ տնտեսվարողից
copy image url

Մաքսայինում ինվոյսները դնում են մի կողմ, ասում են՝ առավելագույնը վճարեք, հետո վիճարկեք, փողը հետ ստացեք․ ահազանգ՝ տնտեսվարողից

Ներքին 2 տարի առաջ - 18:45 29-11-2022
Oragir.News-ը ահազանգեր է ստանում տնտեսվարողներից այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները մաքսայինում ապրանքների մաքսազերծման համար պահանջում են առավելագույն մաքսավճար։

Մեզ ահազանգած քաղաքացին նշեց, որ արդեն մի քանի տարի է նույն ապրանքը բերում է ու, որպես կանոն, միշտ ապրանքի մաքսազերժման վճարի համար հիմք են հանդիսացել ներկայացրած փաստաթղթերը, ինվոյսները։

«Հիմա ինվոյսները դնում են մի կողմ, ասում են՝ առավելագույնը վճարեք, հետո վիճարկեք, փողը հետ ստացեք։ Նախկինում վիճարկման պահ լինում էր, երբ թղթերը կիսատ էին լինում։ Հիմա խնդիրը համատարած է։ Տպավորություն է, որ ծավալների պլան է դրված վրաները, դրա համար էլ Մաքսային հսկողության վարչությունն ու ապրանքների դասակարգման և սակագնային կարգավորման վարչությունը սկսել են մարդկանց կողոպտել»։

Խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալու համար Oragir.News-ը դիմեց ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանին։ Նա նշեց, որ եթե տնտեսվարողներին մաքսային ծառայության մասնագետները մեկնաբանել ու պարզաբանել են՝ ինքն ավելացնելու որևէ բան չունի։ «Ինչ-որ մաքսային ծառայության աշխատակիցները պարզաբանել ու ներկայացրել են, բնականաբար, բխել է և՛ օրենքից, և՛ կարգավորումներից, եթե չեն ընկալել կամ լրացուցիչ մեկնաբանման կարիք ունեն, թող մեկ անգամ էլ մոտենան կամ թեժ գիծ զանգեն, պարզաբանեն խնդիրը և անեն այնպես, ինչպես կարգավորումներն են պահանջում։ Մաքսային աշխատակիցները տիրապետում են կարգավորումներին ու ներկայացնում են տնտեսվարողներին։ Վստահաբար, եթե անհրաժեշտություն լինի՝ նրանք պատրասակամ են նորից բացատրելու»։

Ամենից շատ դիտված