Սեյրան Մարգարյանը կամավորագրվել է պատերազմի լուրն ստանալուն պես. անմիջապես էլ իրենց խումբը մեկնել է Արցախ, զենք ստացել ու սկսել ծառայությունը: Կամավորը նկարագրում է իր տեսած պատերազմն ու խոսում խնդիրների մասին, որ արդյունքն էին շատ մեծ բացթողումների:
«Այն ամենն, ինչ խնդիրներ հարուցեց մարտի դաշտում, իրականում արդյունքն էր դպրոցական կրթության ու ընտանեկան դաստիարակության տասնամյակների թերացումների, ռազմական վերապատրաստումների բացակայության: Պիտի իմանաս ինչ է հայրենիքը, որ ամուր կանգնես իրեն պաշտպանելու քո դիրքում»,- ասում է Սեյրան Մարգարյանը:
«Եթե հայրենիքը միայն հողակտոր է ու պետություն, ապա վտանգի դեպքում դու կգտնես ավելի լավ հողակտոր, ավելի կայացած պետություն, որ ապրես այնտեղ, պահես ընտանիքդ: Հայրենիքը շատ ավելին է, պիտի դա իմանաս, զգաս, որ այն պահել ուզես: Ու պիտի իմանաս, որ մահդ մի մեծ նպատակի է ծառայելու, որ առանց կասկածելու այն ընդունես»:
Իսկ անշրջանցելին, կամավորի աչքերով, զենքի խնդիրն էր:
«Մենք չունեինք արդիական զենք, մենք ծանոթ չէինք արդիական զենքի կիրառմանը, դրանից պաշտպանվելու որևէ հմտություն չունեինք. ու անկազմակերպ զորքում անճանաչ զենքի կիրառումն անխուսափելիորեն խուճապ էր տարածում: Պիտի ամենքս մեր գործն անենք»,- ասում է կամավորը: Դա է միակ ուղին երբևէ կրկին հաղթանակելու:
Ու, վստահ է նա, հայ զինվորը դեռ իր խոսքն ասելու է…