Արիներն ու չարիները. պատերազմի մասնակցի օրագիրը
copy image url

Արիներն ու չարիները. պատերազմի մասնակցի օրագիրը

Խոսք 3 տարի առաջ - 20:26 25-06-2021

Օրագիր.news-ի զրուցակիցն Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն է։ Մեր և նրա զրույցը կարճ տևեց՝ մի մարտի նկարագրությամբ։ Իշխանն օրագիր ունի, որտեղ ի մի է բերել մտքերն ու զգացողությունները, որտեղ ինքն է, մարտական ընկերները, Կարմիր շուկան, պայքարելու ու հաղթելու անհագ եռանդը։ Այսպիսով՝ նա թերթեց պատերազմի տպավորությունների ներքո գրած օրագիրն ու կարդաց. կարդաց զուսպ, խոնարհ, հանդարտ։

Թել Ավիվը բոլորիս ախպերն էր: 20-ի դիրքի գնդացրորդը:
Ինքը միակն էր մեր 300 տղերքից, ում ազնվորեն ինձնից դուխով կռվող էի համարում (կարող ա մի քիչ գոռոզ հնչի, բայց այդպես է)։

Ինքն ավելի գազան կամավոր էր, քան բոլորս: Ինքն իր 5 երեխաներին թողել էր տանը ու եկել էր կռիվ, այն էլ՝ արտերկրից: Ռմբակոծությունից հետո իր գնդացրի ձայնը կյանքի սիմֆոնիայի էր նման: Դա նշանակում էր, որ մեր ախպերը ողջ է ու նվագում է սիրիացիների վրա:

Ամենալավն ինքն էր զենքը խնամում, բայց մեկ է, այնքան էր կրակել, որ զենքը մեկ-մեկ խափանվում էր:

Վերջին օրը հարձակում արեցինք: Մի աշխարհ զենք ու 5 լեշ թողած՝ փախել էին սիրիացիները:

Թել Ավիվը չնայած մեզնից էլ շատ էր հրճված, բայց էդ պահին էլ իրեն սթափ էր պահում: 2 հարց էր հուզում իրեն:

Հարց N1.

- Տղերք, դրանք ПК չունեին, հա՞:

- Ունեին, Թել Ավիվ ախպեր: Հատուկ քեզ համար ենք բերել:

- Արաաաաա ջա~ն:

Հարց N2.

- Սրանց լեշերն ինչի՞ ենք թողում էստեղ։ Ճիշտը տանելն ա:

Հետո պիտի հասկանայինք, որ դու ճիշտ էիր, եղբայր, եղբայր…

Այդ լեշերից մեկը շատ սիրուն մեռել էր: Չգիտեմ՝ ինչ մտածեցիք սիրուն մեռել կարդալիս, բայց ինքը շատ անբնական դիրքով էր մեռել: Զենքերը՝ պինդ թևի տակ, դեմքով գետնին պառկած:

(Զգուշացում՝ տեսանյութը պարունակում է 18+ կադրեր․ երևում են թշնամու դիակները)

Ու հիմնավոր կասկած ունեինք, որ դրա տակ նռնակ են թողել: Բայց քանի որ սիրիացու ունեցվածքը չէինք կարող թողնել, որ զուր տեղը կորչի, ստիպված շատ զգույշ շուռ տվեցի սրան: Այնպես արեցի, որ եթե մի բան պայթի, դրա մարմինը թռնի ինձ վրա, ոչ թե նռնակի բեկորները:

Ինչևէ, սիրիացին չպայթեց:

Վերցրի զենքերը, ցույց տվեցի հրամանատարին, հանեցի նաև դանակը:

Հրամանատարին հարցրի.

- Սրան շուռ տալու համար ինձ հասնում ա՞ դանակը վերցնեմ:
- Հասնում ա, հասնում…- ասաց հրամանատարը ու գլխով հասկացրեց, որ վերցնեմ:

Մեզ հրամանատարը լավ աչքով էր նայում: Որ ավելին էլ խնդրեինք, կթողներ, բայց մենք զուսպ էինք, միայն պահեստատուփերն էինք խնդրել վերցնել, որովհետև դիրքում քչություն էր անում:

Դանակը մոտս՝ եկա բազա: Շատ ուժեղ ապրումներ ունեինք բոլորս:
Մեզ թվում էր՝ այլևս անմահ ենք, ինչ պետք է, կգրավենք, ում պետք է, կհաղթենք: Տղերքը մի տեսակ փայլում էին: Ցույց տվեցի դանակս ու ասեցի, որ թուրքի է:


Խնդրեցի՝ տղերքը (ով մոտակայքում կար) մի պահ մոտենան:
Թել Ավիվին շնորհակալություն հայտնեցի, ասեցի, որ պատիվ է իր կողքին կռվելը, ու տվեցի դանակը՝ որպես Արիության մեդալ: Ասեցի՝ չգիտեմ՝ քեզ կտան, թե չէ, բայց մենք բոլորս այդպես ենք կարծում: Այդ օրը պատերազմը խայտառակաբար վերջացավ...

Ես Իշխան Գևորգյանն եմ, հայ եմ, որդի ու հայր եմ։

Ես Աշխենի ամուսինն եմ, ում հետ Մասիսի գագաթին եմ ամուսնացել։

Ես ծրագրավորող եմ... շատ դիպուկ ծրագրավորող։

Ամենից շատ դիտված