Իրանի ու Ադրբեջանի միջև առկա լարվածությունը միայն մեկ կամ երկու խնդիր չէ, որ պատճառ է դարձել կողմերի միջև նման կոշտ խոսակցության ու փոխադարձ մեղադրանքների։ Այն մի շարք այլ շերտեր ևս ունի։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։
«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ռեպորտաժ պատրաստեց, որտեղ իրանցիներին մեղադրում էր լրտեսական գործունեության մեջ։ Մեղադրում էր նաև պետությանը։ Հենց դրանից հետո Իրանում Ադրբեջանի դեսպանը երկրորդ անգամ կանչվեց ԱԳՆ և բողոքի նոտա հղվեց՝ ադրբեջանցի քաղաքացների հանցավոր գործողությունների հետ կապված։ Այդպիսի ձևակերպում տրվեց։ Դրանից որոշ ժամանակ անց, արդեն երեկոյան տեղի ունեցավ արտգործնախարարների խոսակցությունը, որոնք պայմանավորվեցին, ըստ էության, փորձել հարթել իրավիճակը կամ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել»,- հիշեց նա։
Ադրբեջանագետի խոսքով՝ այս իրադարձությունները դիտարկվում են մի քանի շերտերով։ Հատկանշական է, որ տեղի ունեցող իրադարձություններն ադրբեջանական կողմը փորձում է դիտարկել իր համար ձեռնտու դիտանկյունից։
«Օրինակ՝ ադրբեջանական մամուլն այդ ամենը փորձում է ներկայացնել Իրան-Հայաստան գործակցության համատեքստում։ Նույնիսկ հրապարակվում են հոդվածներ, որտեղ ասում են, թե իրանցի լրտեսներն, իբր Հայաստանի օգտին են աշխատում։ Բայց, իմ դիտարկմամբ, Իրանը խորքային ձևով անհանգստացած է և ո՛չ անհիմն․ օրինակ՝ ադրբեջանական տիրապետության տակ անցած Կովսականում ու մյուս տարածքներում Իսրայելի գործունեությամբ։ Թեև նշվում է, որ այդ գործունեությունը քաղաքացիական բնույթ է կրում, այնտեղ խելացի գյուղեր են կառուցվում, իմ կարծիքով, կա հստակ ռազմական կոմպոնենտ ևս։ Դա լրջորեն անհանգստացրել է Թեհրանին»,-ասաց ադրբեջանագետը։
Ըստ Տաթևիկ Հայրապետյանի՝ այս համատեքստում, ադրբեջանական գործողություններն ինչ-որ առումով ուժի ցուցադրման նպատակ են հետապնդում։
«Ալիևը, որ ուզում է իրեն ներկայացնել որպես տարածաշրջանի, այսպես ասած, «ուժեղ տղա», փորձում է նաև այդ ձևով արձագանքել Իրանից եկող հայտարարություններին»,- ասաց նա։
Անդրադառնալով Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վերջին քննարկումներին՝ փորձագետը տեսակետ հայտնեց, որ դրանք որոշ ժամանակով կարող են մեղմացնել կողմերի միջև առկա լարվածությունը, բայց ո՛չ ամբողջությամբ։
«Երկարաժամկետ առումով, եթե հիշեք դեռևս 2020 թվական դեկտեմբերի, երբ Բաքվում իրենց այդ հայտնի շքերթն էին անցկացնում, Էրդողանն այնտեղ քառատող արտասանեց, որով տարածքային հավակնություններ էր ներկայացնում Իրանի նկատմամբ։ Իրանն էլ արձագանքեց այն ժամանակ։ Այն ժամանակ նույնիսկ հոդված էի հրապարակել այդ մասին։ Իմ համոզմամբ՝ դա կարևոր գործընթացի սկիզբ էր Իրանի դեմ և, ըստ էության, դա զարգացում է ստանում։ Իսրայելի ներկայությունը խորանում է այդ տարածքներում, որոնք ուղղակի թիրախավորում են Իրանը։ Եվ դա չի կարող մեկ-երկու հեռախոսազրույցով հարթվել ու անցնել։ Դա շատ ավելի խորքաին խնդիր է, որը հետագայում էլ ավելի է խորանալու»,- ասաց նա։
Այս առումով, փորձագետն առանձին անդրադարձ կատարեց հնարավոր հետևանքներին։ Հայտարարեց, որ դրանք կարող են շատ վտանգավոր լինել։
«Եթե մտածենք, որ Իրանի դեմ փորձում են ճակատ ձևավորել, կամ այդ խնդիրն իրենց առջև դրել են, ապա տարածաշրջանի համար դա լուրջ սպառնալիք կարող է դառնալ։ Եվ եթե Ադրբեջանը պատրաստվում է իր վերահսկողղության տակ գտնվող տարածքները տրամադրել որպես պլացդարմ, ապա դրա հետևանքներն աղետալի լինելու են ամբողջ տարածաշրջանի համար»,- ասաց նա։
Այս ամենի ֆոնին փորձագետն անդրադարձավ նաև Իրանում գտնվող «40 մլն ադրբեջանցիների խախտված իրավունքների վերաբերյալ» Ալիևի վերջին հայտարարություններին։ Իր խոսքով՝ այսպիսով նա փորձում է առիթներ ստեղծել՝ դրանք իր շահերին ծառայեցնելու համար։
«Իրենք մտածում են, որ եթե իրավիճակը լարվի, ապա ապա հետագայում իրենք կարող են դրանից փորձել օգտվել և իրենց համար այդ խնդիրն էլ լուծել»,- եզրափակեց նա։