4,5 տարվա ընթացքում նախկինների ո՞ր ապօրինությունն է բացահայտվել՝ զրո, ո՞ր թալանածն է հետ բերվել՝ զրո․ Ալեքսանդր Սիրունյան
copy image url

4,5 տարվա ընթացքում նախկինների ո՞ր ապօրինությունն է բացահայտվել՝ զրո, ո՞ր թալանածն է հետ բերվել՝ զրո․ Ալեքսանդր Սիրունյան

Ներքին 2 տարի առաջ - 16:20 26-10-2022
Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել էր ԱՄՆ-ում կուտակված ահռելի հայկական կապիտալի մասին․ «Դեռևս Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին շրջանի պաշտոնյաներ, բայց առավելապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության 20 տարիներին Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետներ, փոխվարչապետներ, նախարարներ, փոխնախարարներ, պատգամավորներ, դիվանագետներ, դատավորներ, մարզպետներ, քաղաքապետներ, ոստիկաններ, ԱԱԾ-ականներ, ՊԵԿ ղեկավար, ՊԵԿ տեղական մարմինների ղեկավարներ և աշխատակիցներ, դատախազներ, քննիչներ՝ Հայաստանի գրեթե բոլոր պետական գերատեսչությունները ներկայացնող նախկին պաշտոնյաներն ու նրանց զավակները բույն են դրել ԱՄՆ-ում՝ առավելապես հարավային Կալիֆորնիայի շրջաններում»:

Բաբաջանյանը նշել էր, որ փողի մեծ մասն անշարժ գույքի մեջ է՝ շքեղ առանձնատներ, կոնդոմինիումներ, թաունհաուսներ, հյուրանոցներ, ռեստորաններ, առևտրային կենտրոններ, որոնց վարձակալությունից ստացվում են ահռելի եկամուտներ:

«Շատ լավ է, որ ապօրինի կապիտալի վերաբերյալ տեղեկությունները հայտնվել են ԱՄՆ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտ աշխատանք և ջանք գործադրելու դեպքում կասկած չունեմ՝ այդ կապիտալը կարող է դառնալ Հայաստանի սեփականությունը»:

Արդեն այսօր Բաբաջանյանը հրապարակել էր փաստաթուղթ, որն, ըստ իրեն, հաստատում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը այս տարվա մայիս ամսին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ձեռք է բերել առանձնատուն 2,050,000,00 դոլարով։

Oragir.news-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, անդրադառնալով հարցին, թե որքանով է հնարավոր այդ կապիտալը Հայաստան վերադարձնել, ասաց, որ Հայաստանում կա «ապօրինի գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենք, բայց խնդիրն այն, է որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքը տարածվում է միայն նրանց վրա, ում վերաբերյալ որևէ քրեական գործ է եղել։

«Սա նշանակում է, որ եթե գործ է եղել, ապա գլխավոր դատախազը պետք է մտնի նաև ապօրինի գույքի բռնագանձման պահանջով։

Հիմա հարց. իսկ մնացածների մասով, ում վերաբերյալ քրեական գործ չկա, օրինակ, Վիգեն Սարգսյանի ու էլի շատ մարդիկանց, նրանց ապօրինի գույքը չի՞ բռնագանձվելու»։

Նա ընդգծեց, որ Արթուր Դավթյանին պետք է հարցնել, թե ինչի չկան այդ մարդկանց վերաբերյալ քրեական գործեր, ու ինչ է լինելու նրանց ապօրինի գույքի հետ։ Փաստաբանն ընդգծեց, որ այդ օրենքը արդեն 2,5 տարի է՝ գործում է, բայց դատարան 2,5 տարվա ընթացքում մուտք է եղել 16-18 հայց։

«Նախկիններից 4,5 տարվա ընթացքում 16-18 հոգու պարզեցի՞ք, որ ապօրինի գույք ունեն, ծաղրո՞ւմ եք։ Եթե էդպես է, ինչո՞ւ են շոու անում, եկեք զրոյացնենք, անցնենք առաջ։ Գլխավոր դատախազությունում ապօրինի գույքի բռնագանձման վարչությունում աշխատում են գլխավոր դատախազի տեղակալը, վարչության պետը, 2 վարչության պետի տեղակալ․ վարչությունը 8-9 դատախազ ունի։ Այսինքն՝ մոտ 10 հոգի, ստացվում է՝ պետության վրա նրանց տված աշխատավարձը ավելի թանկ է նստում, քան նրանց ապօրինի գույքի բռնագանձումը։

Եթե էսպես են աշխատելու, ավելի լավ է՝ չաշխատեն, ավելի լավ է՝ հայտարարենք, որ ինչպես Փաշինյանն էր ասում, վենդետա չի լինելու, այս ամենը զրոյացնենք ու անցնենք առաջ»։

Սիրունյանն ասաց նաև, որ ԱՄՆ-ից հայկական կապիտալը վերադարձնելը Հայաստան խիստ իրատեսական է, այդ գործերին ընթացք տալու համար հայկական կողմից մեկ դիմումը բավարար է։

«Բայց հարց. օրինակ՝ Վիգեն Սարգսյանի վերաբերյալ դատական գործ կա՞ Հայաստանում։ Ոչ, չկա, հետևաբար, ինչ պիտի անի ԱՄՆ-ն։ Հեղափոխությունից 4,5 տարի կամ 50 ամիս անցել է, նախկինների ո՞ր ապօրինությունն է բացահայտվել, կարծում եմ՝ զրո, նախկինների ո՞ր թալանվածն է հետ բերվել, նախկիններից ո՞վ է դատվել՝ զրո, եթե 4,5 ամիս լիներ, կարող էինք ասել՝ սպասում ենք, բայց 4,5 տարո՞ւմ»։

Նա նաև նշեց որ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մոսկվայում տուն է կառուցում․ «Սա այն դեպքում, երբ 4,5 տարի է կոռուպցիայի դեմ ենք պայքարում։ Կարծում եմ, եթե Դավթյանը մի փոքր խելք ունի, Մոսկվա կտեղափոխվի ընդմիշտ, հակառակ դեպքում՝ անկախ նրանից, թե պետությունն ինչպես է պայքարում կոռուպցիայի դեմ, իր համար Հայաստանում միանշանակ լավ չի լինելու»։