Սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում տեղի կունենան համայնքապետի ընտրություններ։ Գործող համայնքապետ Ջասմ Մախմուդովի հետ, որն ինքնառաջադրվել է, մրցապայքարի մեջ է մտնելու ՔՊ-ական Անզոր Ուռուսյանը, որը հենց ՔՊ-ի կողմից էլ առաջադրվել է։ Մենք կապվեցինք Անզոր Ուռուսյանի հետ, սակայն նրա հետ մի երկու բառ հնարավոր եղավ խոսել, զրույցին միացավ նրա նախընտրական շտաբի պետ Հրաչյա Նազարեթյանը, որը, ինչպես զրույցի ընթացքում պարզվեց, ՀՀԿ-ական է։
Մեզ հետ զրույցում Ուռուսյանն ասաց, որ իրեն ՔՊ-ն է առաջադրել, ինքն էլ կուսակցության անդամ է։ Զրույցին միացած Հրաչյա Նազարեթյանին էլ հարցրինք՝ պարոն Ուռուսյանը ինչ կրթություն ունի, որտեղ է ավարտել։
«Պարոն Ուռուսյանը բարձրագույն կրթություն ունի, Հյուսիսային համալսարանն է ավարտել՝ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը։ Կենսագրությունը որ հրապարակվի, ամեն ինչ էլ կիմանաք, թե որտեղ է ավարտել, ուր է ապրել, ինչի միջով է անցել, դրանք բոլորը կիմանաք։ Պատերազմի մասնակցած, վիրավորված տղա է»,- պատասխանեց Նազարեթյանը։
44-օրյա պատերազմի՞ն է մասնակցել՝ հարցրինք նրան․ «Ոչ, 1997 թվականին է վիրավորվել ինքը։ Զորակոչվել, գնացել է, էնտեղ վիրավորվել է, ծառայությունը դադարեցրել են, հաշմանդամություն է ձեռք բերել, վերադարձել է»։
Նազարեթյանին հարցրինք, թե ինչու պիտի Ալագյազի բնակիչները Ուռուսյանին ընտրեն, նա համայնքային ծառայության փորձ ունի՞, գործող համայնքապետն, օրինակ, ունի այդպիսի փորձ։
Ուռուսյանի նախընտրական շտաբի ղեկավարը պատասխանեց․ «Գործող համայնքապետը այդ փորձը չուներ, փորձը ձեռք բերեց 4-5 տարի առաջ։ Իսկ Ուռուսյանը 12 թվականից աշխատել է համայնքապետարանում՝ մինչև 2017 թիվը, շատ մեծ փորձ ունի։ «Հայփոստտում» օպերատոր է աշխատել, համայնքապետարանում էլ հաշվապահ է եղել։ 2017 թվականին իր թեկնածությունը առաջադրել է, ձայներով 3-րդ տեղն է զբաղեցրել։ Իրեն հավատում է համայնքի բնակչությունը, իրեն շատ են սիրում՝ իր վերաբերմունքի և մարդակային հատկանիշների համար»,- պատասխանեց Նազարեթյանը։
Նազարեթյանին հարցրինք նաև, թե ինչպես է ստացվել, որ ինքը, լինելով ՀՀԿ-ական, ՔՊ-ականի նախընտրական շտաբն է ղեկավարում։
«Ես ՔՊ անդամի շտաբը կարող եմ ղեկավարել, որովհետև մենք իրար հետ ընկերություն ենք անում, մենք իրար հետ հաց ենք ուտում, իրար հետ մեռել ենք թաղում, իրար հետ հարսանիք ենք անում։ Մենք մարդ ենք, իր ուղղությունը ինքը այդ ձև է տեսնում, ես էլ այս ձև եմ տեսնում»,- պատասխանեց Նազարեթյանը։
Բա գաղափարական տարաձայնություններ չե՞ք ունենում՝ հարցրինք ՀՀԿ-ականին․ «Գաղափարական տարաձայնություններ չենք ունենում, որովհետև մենք մտածում ենք, որ համայնքում պետք է լինի միայն մարդկային վերաբերմունք հասկացությունը»։