Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:
Oragir.news-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն ասաց, որ Ալիև-Փաշինյան հանդիպման օրակարգից տեղյակ չէ, սակայն ենթադրում է, որ 2 հարց պետք է քննարկվի․ սահմանների դեմարկացիա-դելիմիտացիայի հարցը և կոմունիկացիաների վերաբացման հարցը։
«Իսկ մեզ հետաքրքրող հարցը՝ Արցախի կարգավիճակի հարցը Ալիևը կտրականապես հրաժարվում է քննարկել, հետևաբար, ենթադրում եմ, միայն այդ 2 հարցերը պետք է քննարկվեն»։
Նա ընդգծեց, որ բնականաբար, այս հանդիպումներից որևէ պայմանավորվածությունների ձեռք բերման ակնկալիք չի կարելի ունենալ, որովհետև այդ հարցերի շուրջ տարաձայնությունները դեռևս շատ են։
«Ամեն դեպքում՝ կոնկրետ խնդիրների լուծման հիմնական դերակատարը Մոսկվան է։ Իսկ այդ հանդիպում տեղի է ունենալու Բրյուսելում։ Հետևաբար, չեմ կարծում, որ այդ հանդիպման ընթացքում որևէ առարկայական համաձայնություն կկայանա։ Եթե անգամ կայանա՝ չեմ կարծում, որ Ռուսաստանը կողջունի դա ու կօգնի կյանքի կոչել։ Այնպես որ ես կարծում եմ, սա ինչ-որ առաջընթացի կարող է բերել, բայց լուրջ բան ակնկալել պետք չի։ Ամեն դեպքում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան տիրույթում է, որ պետք է խնդիրները կարգավորվեն»։
Անդրադառնալով, Հայաստանի 3 բնակավայրում Ադրբեջանի համար սահմանային անցակետերի տեղադրման օրենքի նախագծի շրջանառության մեջ դնելուն՝ նա ընդգծեց, որ սահմանային մաքսակետեր տեղադրելով Հայաստանն ընդամենը քարոզչական քայլ է անում, որովհետև, Հայաստանը չի կարող բացել մի բան, որն ինքը չի փակել։
«Ի վերջո, այդ ճանապարհներն Ադրբեջանն է փակել, իսկ Հայաստանն ասում է համեցեք՝ օգտվեք մեր ճանապարհներից։ Պետք է հասկանալ, որ դա ընդամենը քարոզչական քայլ է՝ միջազգային հանրությանն ուղղված, ցույց տալու համար մեր բարի կամքը, բայց Ադրբեջանին մեր ճանապարհները պետք չեն, նրանք հեշտությամբ կարող են կապվել Վրաստանով, ինչպես հիմա են անում։ Նրանց պետք է ոչ թե ճանապարհը, այլ հայկական սուվերենությունից դուրս միջանցք, ինչպես իրենք բազմիցս հայտարարում են, եթե անգամ Ադրբեջանը փորձի այդ ճանապարհներից օգտվել , ապա Ադրբեջան դա կանի քարոզչական նպատակով, այսինքն, կկազմակերպի մի շարասյուն, հետո պրովոկացիաներ կկազմակերպեն՝ իբրև Հայաստանի տարածում, հետ այդ պատրվակով նույնկերպ էլ կվարվեն Հայաստանն Արցախին կապող ճանապարհի վրա։ Այսինքն, էլի զուտ միջազգային հանրությանն ուղղված քարոզչական քայլ է լինելու։ Այսնքն, չեմ կարծում, թե այդ 3 անցակետերը և Հայաստանի տարածքով ուղենշված 3 ճանապարհները տեսանելի ապագայում կսկսեն գործել, առավել ևս, որ եթե անգամ դրանք գործեն, միևնույն է, հայկական տրանսպորտային միջոցները Ադրբեջանի տարածքով չեն կարողանալու անցնել, որովհետև այնտեղ անվտանգությունը պետք է ապահովի հենց ադրբեջանական կողմը, մինչդեռ Հայաստանի տարածքով անցնելիս՝ ռուսական կողմը»։