Երևանից 120 կմ հեռավորության վրա գտնվող և շուրջ 16000 մշտական բնակիչ ունեցող Ճամբարակ և Շողակաթ համայնքները զրկված են մնացյալ Հայաստանի հետ կայուն ցամաքային կապից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։
Նա հավելում է․ «Այդ համայնքներ հնարավոր է հասնել միայն օրական մեկ անգամ ժ. 11:00-ին Երևանի Հյուսիսային ավտոկայանից մեկնող «Գազել»-ով: Եվ վերջ: Ժամանակակից այլ միջոցներով և 11:00-ից տարբերվող այլ ժամերի Ճամբարակ և Շողակաթ կարող են հասնել միայն ամսական, ամենաքիչը՝ 1 մլն ՀՀ դրամ կայուն եկամուտ ունեցող քաղաքացիները: Ասում են, որ ոչ բոլոր օրերին Երևանից դեպի Ճամբարակ և Շողակաթ նաև ինչ-որ տաքսի է երթևեկում, սակայն պարզել վերջինիս երթևեկելու գրաֆիկն անհնար է: Հյուսիսային ավտոկայանում առաջարկում են նստել դեպի Իջևան, Դիլիջան մեկնող «Գազել»-ները, ճանապարհին իջնել և նոր մտածել Ճամբարակ կամ Շողակաթ հասնելու մասին: Ընդ որում, ուղևորից գանձվելու է Դիլիջանի կամ Իջևանի տոմսի լրիվ արժեքը:
Ի դեպ, եթե Հյուսիսային ավտոկայանում փորձեք վրդովվել առկա իրավիճակից, ապա հավանական է, որ Քրիստոսի արձանի փոխարեն, Ձեր արձանը կանգնեցվի:
Մի խոսքով, տպավորություն է ստեղծվում, որ Ճամբարակն ու Շողակաթը Հայաստանից դուրս են: Եվ, միգուցե հենց դա է օրվա իշխանությունների նպատակը:
ՀԳ. Ճամբարակից Արծվաշեն ուղիղ գծով 7 կմ է: Արծվաշենը հետ վերադարձնելուց առաջ պետք է Ճամբարակն ու Շողակաթը վերադարձնել: Այլ ճանապարհ չկա»: