Կործանարար փամփուշտը փորի մեջ մարդը..․
copy image url

Կործանարար փամփուշտը փորի մեջ մարդը..․

Մշակույթ Միտք 2 տարի առաջ - 22:08 27-07-2022
1890 թվականի հուլիսի 27-ին Վինսենթ Վան Գոգը Փարիզից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող ֆրանսիական Օվեր սյուր Ուազ գյուղի ամրոցի հետևի ցորենի դաշտում կրակեց կրծքին։

Նկարիչն այդ ժամանակ արդեն մեկուկես տարի տառապում էր հոգեկան հիվանդությամբ։ Դա սկսվել էր 1888 թվականի դեկտեմբերյան այն երեկոյից հետո, երբ այս դժբախտը Առլ քաղաքում ածելիով կտրել էր իր ձախ ականջը։



Այս դեպքից հետո նա երբեմն ունենում էր նոպաներ, որոնք հյուծում ու ուժասպառ էին անում նրան։ Օրեր, նույնիսկ շաբաթներ շարունակ մթագնում էր Վան Գոգի գիտակցությունը և նա կորցնում էր կապը իրականության հետ:

Այնուամենայնիվ, հոգեկան այս վայրիվերումների միջև ընկած ժամանակահատվածում նրա միտքը դառնում էր հանգիստ ու պարզ, և նկարիչը կարողանում էր նույնիսկ նկարել:

1890 թվականի մայիսին հոգեբուժարանից դուրս գալուց հետո Վինսենթը ժամանեց Օվեր։ Սա կարելի է ասել դարձավ նրա ստեղծագործական կյանքի ամենաբեղմնավոր փուլը. 70 օրվա ընթացքում նկարիչը ստեղծեց 75 նկար և հարյուրից ավելի գծանկարներ ու էսքիզներ։

Սակայն չնայած ակտիվ ստեղծագործական կյանքին՝ նա իրեն ավելի ու ավելի մենակ էր զգում։ Ամեն օր համոզվում էր, որ իր կյանքն անիմաստ է։

Վինսենթը մի օր պատահաբար գտավ մի փոքրիկ ատրճանակ, որը Օվերում իր վարձակալած տան տիրոջն էր պատկանում։



Դա այն զենքն էր, որը հուլիսի վերջի ճակատագրական այդ կիրակի օրը նա իր հետ տարավ ցորենի դաշտ։

Սակայն գրպանի այդ ատրճանակը այնքան էլ հզոր զենք չէր ու երբ նկարիչը սեղմել էր ձգանը, գնդակը սիրտը ծակելու փոխարեն, հետ էր մղվել՝ կողոսկրին դիպչելով։

Վան Գոգը կորցրել էր գիտակցությունը և ընկել գետնին։ Երբ երեկոյան ուշքի էր եկել, փնտրել էր ատրճանակը՝ գործն ավարտելին հասցնելու համար, բայց չգտնելով` վերադարձել էր տուն, որտեղ նրա համար բժիշկ էին կանչել։

Դեպքի մասին հայտնել էին Վան Գոգի եղբորը՝ Թեոյին, որը ժամանել էր հաջորդ օրը։ Թեոն հույս ուներ, որ Վինսենթը ողջ կմնա, սակայն հենց նույն գիշերը` 37 տարեկան հասակում, նկարիչն ավանդեց հոգին։



«Ես նրա կողքին էր մինչև վերջին պահը», - գրել էր Թեոն իր կնոջը ՝ Յոհաննային: «Մեռնելիս նա ասաց. «Ահա, հենց այսպես էլ ես ուզում էի գնալ։ Թախիծը կերկարաձգվի հավիտյան»։ Մի քանի րոպե անց ամեն ինչ ավարտվեց։ Նա գտավ այն խաղաղությունը, որը փնտրում էր երկրի վրա»:

Վան Գոգը մահից 17 օր առաջ` 1890 թվականի հուլիսի 10-ին, ավարտել էր իր «Ագռավներ ցորենի դաշտի վրա» կտավը, որը համարում են նրա վերջին աշխատանքը։ Նկարիչն իր նյութական, ընտանեկան ու առաողջական բազմաթիվ խնդիրները, հոգեկան ծանր ապրումները, անելանելի վիճակը, դեպրեսիվ տրամադրությունն ամբողջությամբ փոխանցել է այս կտավին։

Վան Գոգն իր այս աշխատանքի մասին գրել է. «Ստեղծելով այսպիսի նկար, ես փորձում եմ արտահայտել սեփական տխրությունն ու աներևակայելի մենակությունը»։

Նրա հոգեվիճակը, ապրումներն ու «Ագռավներ ցորենի դաշտի վրա» կտավը լավագույնս ներկայացրել է Անտոնեն Արտոն` իր «Վան Գոգ» մենագրության մեջ.

«… Կործանարար փամփուշտը փորի մեջ մարդը կտավը լցնում է սև ագռավներով, որոնց ներքո, թվում է, ինչ-որ, կարծես թե մահացյալ, և ամեն դեպքում անպտուղ հարթավայր է, ուր ընդերքի կարմրամուգ գույնը հուսաբեկ պայքարում է հասկերի կեղտոտ դեղնության դեմ, այդպիսի տեսարանը հազիվ թե սովորական համարես:



Սակայն և ոչ մի այլ նկարիչ չէր կարողանա իր ագռավների համար գտնել այդ գետնասունկե-սև գույնը, այդ սևը, հանց «փառավոր խրախճանքի» և միաժամանակ ասես քարացած կեղտի, այդ ագռավների թևերի գույնը, որ իջնող գիշերվա շողերից հանկարծակիի են եկել»:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին