Մարչելո Արջիլլի փառահեղ կյանքը… գազանանոցում
copy image url

Մարչելո Արջիլլի փառահեղ կյանքը… գազանանոցում

Միտք 2 տարի առաջ - 22:58 21-07-2022
Գազանանոցում բնակվող կենդանիներից շատերն իրենց դես ու դեն էին նետում, պատեպատ զարկվում, ճողոպրելու ելք փնտրելու հույսով տենդագին հոտոտում վանդակաճաղերի երկաթներն ու կրծոտելու գնով դրանցից ազատվելու ճիգեր գործադրում: Մյուսներն, ընդհակառակը, սմքել էին, մազաթափվել: Հաշտված իրենց այս կարգի գոյությանը՝ նրանք լիովին անկյալացել էին, կորցրել ախորժակը, քաշվել վանդակների անկյուններն ու անշարժ փռվել հատակին: Փակված լինելով վանդակում՝ նրանք կարոտում էին ազատությանը: Ոմանց մոտ անձկությունը մերթ ընդ մերթ վերաճում էր կատաղի բողոքի, մյուսների մոտ` փոխվում բացարձակ անտարբերության: Ու նրանք սատկելը գերության մեջ ապրելուց ավելի էին գերադասում:

Կենդանիների տառապանքը տեսնելով՝ գազանանոցի տնօրենը մեծ ցավ էր զգում: Երկար մտորումներից հետո նա ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքն, այնուամենայնիվ, գտավ: Ազատե՞ց նրանց… Ամենևին, ուղղակի բոլոր վանդակներում հեռուստացույց տեղադրեց ու սկսեց հատուկ կենդանիների համար պատրաստած հաղորդումներ հեռարձակել…

Ու, իսկապես, այդ պահից գազանանոցի կյանքը հիմնովին փոխվեց: Գազանների բողոքն ու ընդվզումը աստիճանաբար դադարեց: Նրանց սկսեցին ջունգլիների, սավաննայի, տափաստանների ու կուսական անտառների` նրանց հարազատ հայրենիքների մասին վավերագրական ֆիլմեր ցուցադրել: Կենդանիներն ասես երկրորդ շնչառություն առան: Ենթադրաբար, ըմբռնումներն էլ միանշանակ չէին: Այծյամները, զեբրերը, այծքաղերն ու քարայծերը, առյուծների մասին պատմող տեսահոլովակները սարսափ ֆիլմեր էին համարում: Իսկ առյուծների համար, քարայծների, զեբրերի ու այծյամների հեռուստաէկրանին հայտնվելն իսկ ասես ախորժաբեր հաբ լիներ:

Կարճ ասած՝ գազանները ողջ օրն անց էին կացնում հեռուստաէկրաններին կառչած` անխտիր նայելով բոլոր հաղորդումները: Պրպտող տնօրենը, սակայն, սրանով չբավարարվեց: Նա նոր հեռուստաշարի գաղափար հղացավ, որն է՛լ ավելի մեծ հաջողություն բերեց: Հաղորդումների միայն անվանումներն արդեն` «Նեղոսյան կոկորդիլոսի մեծ սերը», «Թե ինչպես կրծոտեցի վարժեցնողին», «Ինչպես պոզահարել որսորդին», ամեն ինչ արժեին: Նկարահանումներն անչափ գրավիչ էին, և գազանները, տարված գլխավոր հերոսների դերերով, մոռանալով աշխարհում ամեն բան, անվերջ ծափահարում ու լաց էին լինում:

Ու որպեսզի հղացած գաղափարն իր ցանկալի ավարտին հասցնի, տնօրենը ձեռնամուխ եղավ «Վանդակ, դու հրաշալի ես…» նոր հեռուստաշարի էկրանավորման աշխատանքներին: Գազաններին հորդորում էին, թե գազանանոցում ապրելն, իսկապես, մեծագույն առավելություն է, թե այն օգտավետ է առողջության համար, թե հենց այնտեղ է անկախության ու անվտանգության իսկական երաշխիքը:

Ու, իսկապես, արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները… Հաղորդաշարի ավարտից հետո բոլոր գազաններն անասելի հուզվել էին: Նրանք նայում էին միմյանց՝ ներքուստ խոստովանելով․ «Իսկապես, մեր բախտն իսկապես է բերել, որ մենք ապրում ենք… գազանանոցում»…