Մենք պատերազմում պարտվել ենք, բայց Արցախը տանուլ չենք տվել. տանուլ ենք տալիս հիմա
copy image url

Մենք պատերազմում պարտվել ենք, բայց Արցախը տանուլ չենք տվել. տանուլ ենք տալիս հիմա

Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:16 20-07-2022
Հայաստանի զինված ուժերը Արցախի հանրապետությունից վերջնականապես դուրս կբերվեն մինչև սեպտեմբեր: Այսուհետ Հայաստանը ո՛չ ժամկետային, ո՛չ էլ պայմանագրային զինծառայողներով չի համալրի Պաշտպանության բանակը: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է: Հայաստանն այլևս չի հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը: Հայաստանը ձեռքերը լվանում, հրաժարվում է Արցախից, ետ է քաշվում՝ փեշը թափ տալով: Սա աներկբա, ուղղակի նշանակում է հրաժարվել Արցախից: Իսկ մենք քննարկում ենք՝ Արցախի խնդրի կարգավորման նշաձողն իջեցնո՞ւմ է, թե՞ չի իջեցնում պաշտոնական Երևանը, ճանաչո՞ւմ է, թե՞ չի ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում: Արդեն նշաձողեր ու սահմաններ չկան, կա հստակ դիրքորոշում՝ հանձնելու Արցախը:

Մենք վերջնականապես չենք կորցրել Արցախը: Մենք պարտավոր ենք պայքարել հանուն Արցախից մնացած մասի և պաշտպանել արցախահայությանը: Սա մեր և արցախցիների իրավունքն է: Ոչ ոք չի կարող մեր իրավունքը մեզանից խլել, եթե կամք ունենք և վճռականություն: Մենք պատերազմում պարտվել ենք, բայց Արցախը տանուլ չենք տվել. տանուլ ենք տալիս հիմա: Որքան էլ հոխորտա Բաքուն՝ իր աքլորացած բռնապետով, որևէ կերպ չի կարող մեզ պարտադրել հրաժարվել Արցախը պահելուց և պահպանելուց: Չի կարող, եթե մենք չուզենանք, եթե մենք չընկրկենք Արցախը պաշտպանելուց:

Ադրբեջանն առաջին պատերազմում շատ ավելի ծանր ու նվաստ պարտություն կրեց, բայց չհրաժարվեց հայերով բնակեցված ու պատմականորեն հայկական Արցախից, որ կորցրել էր շատ հեռու: Իսկ մենք հրաժարվում ենք, երբ ամբողջովին չենք կորցրել Արցախը, և այդ հողի վրա դեռ ապրում են բնիկ տերերը: Մենք վերջին պատերազմում չենք կորցրել այնքան, որքան ազատագրել էինք առաջին պատերազմում:

Իսկ մեր մեջ դեռ կասկածողներ կան, գուցե հստակ համոզվածներ էլ կան, որ Նիկոլը և իր շրջապատն Արցախը հանձնելու, հարցը թուրքական տարբերակով փակելու համար չեն եկել իշխանության: Սա միամտություն է կամ համախոհություն երկու թշնամու՝ Բաքվի և Երևանի չտարբերվող իշխանությունների հետ: Եկել են, հանձնել և հանձնելու են: Եվ միայն Արցախի կորստով չէ, որ փառավորվելու են: Նրանց փառապսակը Հայաստանը պատառ-պատառ հրեշի երախը խցկելն է լինելու: