Հռոմի պապը ցանկանում է «որքան հնարավոր է շուտ» այցելել Մոսկվա և Կիև
copy image url

Հռոմի պապը ցանկանում է «որքան հնարավոր է շուտ» այցելել Մոսկվա և Կիև

Արտաքին 2 տարի առաջ - 16:39 04-07-2022
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հուլիսին Կանադա կատարած ուղևորությունից հետո կցանկանար «որքան հնարավոր է շուտ» այցելել Մոսկվա և Կիև։

Ֆրանցիսկոսը ներկայիս պայմաններում ավելի հավանական է համարում Ռուսաստան մեկնելը, թեև Հռոմի ոչ մի պապ երբևէ չի այցելել Մոսկվա, իսկ ինքն անձամբ հրապարակայնորեն դատապարտել է Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։ «Առաջինը, որ պետք է անել, Ռուսաստան մեկնելն է՝ փորձելով ինչ-որ կերպ օգնել, բայց ես կցանկանայի լինել երկու մայրաքաղաքներում»,- ասել է նա։

Հռոմի պապը նաև հայտնել է, որ հույս ունի հանդիպել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ սեպտեմբերին Ղազախստանում՝ Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 7-րդ համագումարի ժամանակ։ Նրանք պետք է հանդիպեին դեռ հունիսին Երուսաղեմում, սակայն Վատիկանը հետաձգել է հանդիպումը, քանի որ դա «այն ժամանակ կարող էր հանգեցնել մեծ խառնաշփոթի»։