Բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հաստատել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը «Չեռնոմորնեֆտեգազի» հորատման հարթակների ուղղությամբ հարվածի շրջանում փրկարարական գործողություն է իրականացնում պարեկային նավերի և ինքնաթիռների մասնակցությամբ։
Ակսյոնովը հայտարարել է, որ հարթակներում եղել է 12 մարդ։ Դրանցից հինգը փրկվել է, երեքը՝ վիրավորվել, մնացածի որոնողական աշխատանքները շարունակվում են։
«Չեռնոմորնեֆտեգազ»-ը գազի և նավթի հանքավայրեր է մշակում Սև և Ազովի ծովերի շելֆում, ինչպես նաև Ղրիմի ցամաքային հատվածում։
Ուկրաինայի իշխանությունները և ԶՈՒ-ն դեռ չեն մեկնաբանել հարթակին հարվածելու մասին հաղորդագրությունը, սակայն Օդեսայից Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ավելի վաղ, հղում անելով իր աղբյուրներին, ասել էր, որ ուկրաինական բանակը հրետակոծել է հարթակը: