Արևմտյան երկրները Թուրքիայի հետ կպայմանավորվեն Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցության շուրջ մի շարք փոխանակումների հաշվին, այդ թվում՝ Անկարային զենք մատակարարելու վերաբերյալ գործարքների կնքման և այդ երկրի հետ ռազմատնտեսական ինտեգրման խորացման միջոցով։ Նման կանխատեսում է արել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթը (դեմոկրատ, Վաշինգտոն) վաշինգտոնյան Defense Writers Group-ի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցերին:
Ամերիկացի այս ազդեցիկ օրենսդիրը դրական, բայց որոշակի պարզաբանումներով և վերապահումներով է պատասխանել հարցին, թե արդյոք, ըստ նրա, Ստոկհոլմը և Հելսինկին, ի վերջո, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ կդառնան ինչ-որ փոխանակման արդյունքում, առաջին հերթին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, որը տարբեր պահանջներ է առաջ քաշում, այդ թվում՝ կապված հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների հետ: «Իմ պատասխանը կլիներ՝ հավանաբար, բայց ոչ միանշանակ: Եվ ես կարծում եմ, որ դա վերաբերում է շատ ավելիին, քան F-35-ի (արտադրության) ծրագիրն է»,- ասել է Սմիթը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ ամեն դեպքում Վաշինգտոնը Անկարային չի վերադարձնի F-35-ի ստեղծման ծրագիր, որից այդ երկիրը մի քանի տարի առաջ բացառվել էր՝ կապված C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ։ «Թուրքիան չի վերադառնա F-35-ի (թողարկման) ծրագիր»,- կտրականապես ասել է կոնգրեսականը։