«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես շատ այլ մարդիկ, չցանկացավ լսել Վաշինգտոնի նախազգուշացումները՝ ռուսական մոտալուտ ներխուժման մասին», - Լոս Անջելեսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Դեմոկրատական կուսակցության իր համախոհների առաջ։
Բայդենը կարծում է, որ Ուկրաինայի վարչակազմը բավական լուրջ չի ընդունել գործընկերների զգուշացումները։ Ըստ Միացյալ Նահանգների նախագահի՝ Ամերիկան «ճշգրիտ տեղեկություն ուներ, որ նա [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը] զորքեր է կուտակում սահմանին և պատրաստվում հարձակման։ Կասկած չկար։ Բայց ոչ Զելենսկին, ոչ էլ շատ ուրիշներ չցանկացան մեզ լսել»:
Միաժամանակ Բայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնամասշտաբ պատերազմի հեռանկարը մինչև վերջին պահն անհավատալի էր թվում նույնիսկ շատ ամերիկացի փորձագետների համար։ Նա խոստովանել է, որ լայնածավալ հարձակումը քիչ հավանական էր թվում և հավելել է. «Ես հասկանում եմ, թե ինչու նրանք չէին ցանկանում լսել», - Բայդենի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։
ԱՄՆ նախագահը նաև մեղադրել է Ռուսաստանին՝ աշխարհի երեսից «ոչ միայն ուկրաինացի ժողովրդին, այլև նրա մշակույթը» ջնջելու և Կիևը «մայր Ռուսաստանի գահը» դարձնելու փորձերի մեջ։