Ո՞ւր էինք գնում երեկ, ո՞ւր ենք գնալու այսօր, ո՞ր ենք գնալու վաղը, ո՞ւր ենք գնում ընդհանրապես։ Եթե դեպի Նիկոլի իշխանազրկում ու ռեժիմի տապալում, ապա այն ճանապարհով, որին կանգնած ենք, գնալու դեպքում տեղ չենք հասնի երբեք, քանի որ այս ճանապարհը այլ տեղ է տանում։ Եթե դարձյալ շարունակելու ենք արևմուտքի սահմանած խաղի կանոններով խաղալ, ապա ինչ խաղ էլ խաղանք ու ինչպես էլ խաղանք, միևնույնն է, իրենք են հաղթելու։ Դա իրենց, ոչ մեր խաղն է լինելու։ Եթե ամեն քայլն անելուց առաջ այն հայտարարում ու համաձայնեցնում ենք, եթե ամեն քայլն անելուց հետո սպասում ենք ոմանց գնահատականին ու անսում ենք ինչ-որ մեկի հավանությանը, երբեք հաղթողը մենք չենք լինելու։
Եթե ուզում ենք հաղթել, պետք է նախ և առաջ խաղն ու խաղի կանոնները փոխել։ Երբ լաոն արդեն արթնացել է, էլ պետք չէ նրան արթնացնելու փորձերը շարունակել։ Երբ լաոն արդեն գիտակցել է, որ Նիկոլը թրքի կատարածու է ու հային թրքացնելու թրքական ծրագիրն է իրագործում, և արդեն հրապարակում է, էլ պետք չէ նրան երկարաձիգ ու գեղարվեստական հուզականությամբ պատմել Նիկոլի արած ամեն քայլը։ Պետք է սեփական քայլերն անել ու անել այն քայլերը, որոնցից հետո Նիկոլն այլևս չկարողանա քայլել։ Այլապես միտինգային ծեքծեքուն ելույթներն են շատանում ու կրկնվում։ Ասելիքի պակասից այնպես են մանրամասնում համբակի դավաճանության դրվագները, որ գովազդի են վերածում, ու ոմանց միտքը պղտորում կասկածներով, թե հայի համար թուրքական դրախտ, իրոք, կա։
Թյուրիմացությունից ծնվող սին երազանքի դեպքեր մարդկությանը վաղուց են հայտնի։ Երեք դար առաջ է, օրինակ, արձանագրվել, որ Գրենլանդական մի փոքրիկ համայնքում երբ կաթոլիկ քարոզիչը երկար ու մանրակրկիտ նկարագրել է դժոխքի կրակներն ու արտառոց տաքությունը, բոլոր ներկաները սկսել են դժոխք երազել։ Ճանապարհ փակել-բացելով բան դուրս կգա՞, այս ու այն պետական հիմնարկի շենքը մի քանի ժամ շրջափակելով կամ անգամ գրավելով մի բան կստացվի՞։
Այսօրվա ընդդիմությունը թյուրիմացության մեջ է, եթե իրոք կարծում է, որ Սերժն իր մերժումն ընդունեց ու հավելեց, թե` «Նիկոլը ճիշտ է, ինքը սխալվեց» հենց այն պատճառով, որ քաղաքի մի քանի փողոց փակ էր։ Չ՛է, փակ փողոցների պատճառով ոչ ոք հրաժարական չի տալիս։ Նիկոլի նմանին, ով 1998թ․-ից սկսած՝ ամեն օր հրապարակել ու գովազդել է թրքական ծրագիրը, ով 2008-ի փետրվար-մարտին թրքական հեղաշրջում սադրողների ու առաջամարտիկների ավանգարդում էր, իշխանությունը առանց որևէ պայքարի ոչ ոք չի հանձնում` ինչ է թե նա տասն օր քայլել է։
Ավելի քան չորս տարի է անցել, բայց իրավամբ տեղյակներից ոչ ոք առ այսօր չի բացահայտել թշնամու բացահայտ դրածոյին իշխանությունն առանց պայքարի հանձնելու իրական պատճառը։ Մինչդեռ Նիկոլ անունով ախտը, վարակը, խոցը հեշտորեն կարելի էր ու կարող ենք վերացնել, երբ բոլորն իմանան չարիքի առաջացման պատճառը։ Մեր երկրում կայուն ճգնաժամ է առաջացել 2018-ի ապրիլին, ու միշտ այն եղել է հարաճուն։ Ամեն օրվա հետ ճգնաժամը սրվել է, դարձել է խրոնիկական, իսկ հիմա արդեն ուղղակիորեն վերածվել է հոգեվարքի։ Թավշյա ռեժիմն ակնհայտորեն այլևս չի կարողանում կառավարել, ժողովուրդն այլևս չի ուզում այսպիսի կառավարմամբ ու այսպես ապրել։ Դասական առումով հեղափոխական իրավիճակ է, բայց ռեժիմը բացառապես ռեպրեսիաներ է անում, որ հեղափոխություն չլինի, իսկ ժողովուրդը հոգնել է հեղափոխություններից, պարզ ու հանգիստ փոփոխություն է ուզում և դուրս չի գալիս փողոց, որ հեղափոխություն չլինի։
Իրավիճակը իրականում փակուղային է, և այդպես է նախ և առաջ առաջնորդի բացակայության ու գաղափարների բանկը պինդ փակած պահելու պատճառներով։ Երբ հեղափոխական իրավիճակ է, բայց հեղափոխություն չեն անում ներսից, ապա անհրաժեշտ փոփոխությունն արվում է դրսից։ Գուցե հենց այն պատճառով է կատարվել առաջին կեսարյան հատումը, որ ինը ամիսը լրացել է, բայց երեխան չի ծնվել։ Հին հունական առասպելաբանությունը պնդում է, որ մահացած մայրերից են կողմնակի միջամտության արդյունքում լույս աշխարհ եկել Դիոնիսն ու Ասկլեպիոսը։ Նիկոլի ռեժիմը փոխելու ժամանակը հասունացած է, բայց ծնունդը դեռ չկա։ Գուցե կեսարյան հատումով է դա լինելու, գուցե իրոք կողմնակի միջամտություն է պետք, որպեսզի ծննդկան մայրը չմահանա։
Ասում են՝ այսօր է ջրբաժանի օրը։ Ի՞նչ է լինելու այս օրվանից հետո։ Մի բան հաստատ է՝ Նիկոլը երբեք հրաժարական չի տա ու երբեք չի ասի «ես սխալվեցի»։ Նա միշտ է սխալվել ու հիմա էլ սխալվելու է, ինչ էլ որ անի։ Ինչ ասես կարող է նրա խելքին փչել, երբ թուրքերն են ավլում ուղեղը։
Գևորգ Հարությունյան