Անգլիական «Լիվերպուլ» և իսպանական «Ռեալ» ակումբների միջև Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մայիսի 28-ին կայացած ֆուտբոլային մրացավեճն է ստորև քննարկվելիք նյութի շարժառիթը: Չեմպիոնների լիգայի գավաթի եզրափակիչը, ինչպես արդեն գիտեք, ավարտվեց մադրիդցիների հաղթանակով, նվազագույն՝ 1:0 հաշվով: Բաղձալի գավաթը «Ռեալի» կենսագրության մեջ թվով14-րդն է: Ինչի՞ վկայությունն է սա: Ըստ իս՝ գերպրոֆեսիոնալ մոտեցման, տքնաջան ու հետևողական աշխատանքի և «գործի» հանդեպ դրևորվող լրջմիտ վերաբերմունքի, ինչը, ցավոք սրտի, մեզանում իսպառ բացակայում է: Հայերիս առավելապես գայթակղում է ֆուտբոլային աշխարհի ֆինանսական սեգմենտը, մեծանուն ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն ու տարեկան վաստակը միայն:
Այո, թերևս գաղտնիք չէ, որ գերաստղերը վաստակում են աստղաբաշխական գումարներ: Լեո Մեսիի աշխատավարձն, օրինակ, գերազանցում է տարեկան 35 միլիոն դոլարը, ՊՍԺ-ի գերաստղ Կիլիան Մբապեն էլ այս տարի վաստակելու է 50 միլիոնից ավելի: Իրավ որ գայթակղիչ է, այնպես չէ՞: Իսկ, ա՜յ, թե ինչ է թաքնված մեդալի հաջորդ երեսին, քչերը գիտեն: Գերլարված պարապմունքներ, ֆուտբոլիստների անձնական քաշի խիստ վերահսկողություն, ժուժկալություն թե՛ սննդի, թե՛ անգամ անկողնային հարցերում: Ասկետական կյանք ու կեցության գրեթե բանտային պայմաններ: Ու, ինչպես տեսնում եք, արդյունքն ակներև է:
Ֆուտբոլային թոփ ակումբների սեփականատերերը նույնպես, առաջնորդվելով բենդերյան տրամաբանությամբ, յուրաքանչյուր ընդունած կալորիայի դիմաց ֆուտբոլիստներից պահանջում են «բազում մանրիկ ծառայություններ»:
Մերօրյա ֆուտբոլը հար և նման է Հին Հռոմում անցկացվող գլադիատորական «խաղերին»: Մրցելույթների գերխիտ գրաֆիկ, թիմերից պահանջվող կայուն մարզավիճակ և ակնկալվող դրական արդյունք: Սա ինդուստրիա է, որի շահեկանությունն ուղիղ համեմատական է ներդրվող ջանքերին: Ամեն ինչ հաշվի մեջ է՝ մարզադաշտի հաճախելիությունից սկսած, բուքմեյքերական խաղադրույքներով վերջացրած: Աշխարհի առաջնության օրերին հայտնված, երկնառաք շնորհով օժտված, ութ խաղի ելքը ճշգրտորեն գուշակած Պաուլ անունով ութոտնուկից սկսած մինչև մարզական միջոցառման կարևորությունը նշանավորող փոփ աստղերի ելույթներ: Ի դեպ, «Ստադ դե Ֆրանս»-ում կայանալիք «կենաց-մահու» մրցապայքարի ելքն այս անգամ փորձել էր գուշակել ութոտնուկ Պաուլի «իրավահաջորդ»՝ Բենալմադենա քաղաքի Sea Life ակվարիումի 30-ամյա դեղի կրիան…
Հասկանալի է, չէ՞, երբ ապրանքն «արժեցող» է, նրա իրացումն էլ է ավելի դյուրին դառնում: Կարևորը որակի հանդեպ վստահությունն է, ինչն, ավաղ, մեզ՝ հայերիս, համար շարունակում է ցավագին խնդիր մնալ:
Այժմ ցանկանում եմ խոսել ֆուտբոլի մեկ այլ ասպեկտի մասին ևս: Թեման ուսումնասիրած մասնագետները պնդում են, որ ֆուտբոլը սոսկ սպորտաձև չէ, որ այն ունի նաև թաքնագիտական խիստ ուշագրավ շերտեր: Նրանք վստահեցնում են, որ ֆուտբոլային թիմի կառուցվածքը պետության կառուցվածքի միկրոմոդելն է: Դարպասապահ-սահմանապահ, պաշտպան-կիսապաշտպան-հարձակվող-երկրի զինված ուժեր, պահեստայինների նստարան-կադրային բանկ, թիմի մարզիչ և մարզչական շտաբ-ուղեղային կենտրոն, կառավարություն…
Նրանք նկատել են այլ օրինաչափություններ ևս: Օրինակ, որ գերմանական ֆուտբոլը կայուն արդյունք արձանագրող, գրեթե միշտ ուժեղագույն քառյակում հայտնվող ռազմական մեքենա է հիշեցնում, որ անգլիացիներն, օրինակ, առավել լավ խաղում են գլխով… Կամ, ասենք, որ լատինոսներն իրենց դրսևորում են որպես էսթետներ, գնդակի մոգեր (պենտակամպիոն բրազիլացիների և արգենտինացիների խաղն է նկատի առնվում): Բա, մե՞նք՝ հայե՞րս, կհարցնեն շատերը: Մի րոպե… Հայկական ֆուտբոլն էլ ունի իր խիստ յուրօրինակ արտահայտությունը: Չկա, չկա, չկա, ու մեկ էլ հանկարծ՝ ԽՍՀՄ չեմպիոնությունն ու գավաթը նվաճած՝ «Արարատ-73»: Սա ձեզ ինչ-որ բան չի հիշեցնում: Դարավոր թմբիրը թոթափած թիմը (ազգը) փառահեղ հաղթանակ է տոնում (Արցախյան հերոսամարտ, Շուշիի գրավում) ու հետո, ասես իր գործն ավարտած համարելով՝ նորից սկսում է ննջել իր դափնիների վրա… Հետևանքը, կարծում եմ, հայտնի է բոլորին… Ֆուտբոլում, ինչպես իրական կյանքում, պետք չէ էպիզոդիկ հաջողությունը շփոթել կայուն ու երաշխավորված հաջողության հետ: Վերջինի համար մշտարթուն մնալ ու տքնել է անհրաժեշտ: Այլընտրանք ուղղակի չկա…Եկել է բարոյական «հաղթանակները» պատմության արխիվ ուղարկելու և իրական հաղթանակներ գրանցելու ժամանակը…
-
Վահան Զարյան
-
լավատես
-