Apple-ն ուսումնասիրում է Apple Watch խելացի ժամացույցում թաքնված տեսախցիկի տեղադրման հնարավորությունը, հայտնում է Apple Insider պորտալը։ Ընկերությանն արդեն տրվել է համապատասխան արտոնագիր։
Ընկերության ինժեներներն առաջարկել են տեսախցիկը տեղադրել անմիջապես Digital Crown-ում, որպեսզի օգտատերերը կարողանան լուսանկարել, երբ ժամացույցը դաստակին է: Ցանկալի առարկան լուսանկարելու համար բավական կլինի ձեռքը մեկնել։ Ընդ որում՝ հրապարակված փաստաթղթից հայտնի է միայն տեսախցիկի գտնվելու վայրը։ Տեխնիկական բնութագրերի, տեսախցիկի մոդելի և դրա շահագործման մանրամասների մասին տեղեկություններ չկան։
Սակայն Apple Insider-ի փորձագետներին արդեն հաջողվել է առանձնացնել Apple-ի ժամացույցներում տեսախցիկի տեղադրման հետ կապված խնդիրները։ Դրանցից մեկը ոսպնյակը Digital Crown-ի մեջ տեղադրելու դժվարությունն է, որն ինքնին բավականին բարդ տարր է: Apple Insider-ը հիշեցրել է, որ նոր արտոնագրի գյուտարարներից մեկը Թայլեր Բուշնելն է, որը նաև եղել է ժամացույցի անիվի արդիականացման նախորդ արտոնագրային հայտի հեղինակ։ Նա առաջարկել է մեխանիկական Digital Crown-ի փոխարեն օգտագործել դրա սենսորային անալոգը, ինչն ավելի շատ տարածք կազատի տեսախցիկի համար: