Մայիսի 30-ին կայացել է «Լրատվությունը անվտանգության/պաշտպանության ոլորտում. որո՞նք են լուսաբանման սահմանները «Պատասխանատու լրագրության» իմաստով աշխատաժողովը՝ կազմակերպված Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – II փուլ» ծրագրի և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համատեղ համագործակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից, աշխատաժողովի նպատակն էր զարգացնել լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների գիտելիքներն ու հմտությունները ԶԼՄ-ների և պաշտպանության/անվտանգության ոլորտի հարաբերությունների, ինչպես նաև զինված հակամարտությունների ընթացքում և դրանից հետո ԶԼՄ-ների կողմից լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով նաև նոր տեխնոլոգիաները և առցանց հաղորդակցության հարթակների աճող կարևորությունը:
Միջոցառմանը որպես բանախոս հրավիրված էր Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ պրն․ Նիկոլաուս վոն Տվիկելը։
Աշխատաժողովը վարում էին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և ԶՈՒ իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ազգային համակարգող Նարինե Գասպարյանը: Աշխատաժողովին մասնակցում էին հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները։
Միջոցառման ավարտին թե ՀՀ ՄԻՊ աշխատակազմի և թե Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ներկայացուցիչները միակարծիք էին «Լրատվությունը անվտանգության/պաշտպանության ոլորտում» թեմայով լրագրողների կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտության և փոխադարձ համագործակցության հարցում։