Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում «աշխարհի համար հույս չտեսա»։
Դրագին այս մասին ասել է՝ ի պատասխան լրագրողի հարցին։ Պուտինի հետ մայիսի 26-ին կայացած զրույցի ընթացքում հիմնականում շոշափվել է Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների արգելափակման պատճառով աշխարհին սպառնացող պարենային ճգնաժամի հարցը:
Դրագիի խոսքով, Պուտինն ասել է, որ ուկրաինական նավահանգիստները արգելափակվել են Կիևի մեղքով, որն իբր ականապատել է դրանց մուտքերը։ Իտալիայի վարչապետի կարծիքով, իրավիճակը կարող է կարգավորվել ջրերի ականազերծման և Ռուսաստանի կողմից երաշխիքներ ստանալու դեպքում, որ նավահանգիստները հարձակումների չեն ենթարկվի, հաղորդում է Askanews-ը։
Պուտինը նաև, ըստ Կրեմլի, Դրագիին ասել է, որ Ռուսաստանը «պատրաստ է զգալի ներդրում ունենալ պարենային ճգնաժամի հաղթահարման գործում հացահատիկի և պարարտանյութերի արտահանման հաշվին՝ Արևմուտքի կողմից քաղաքական դրդապատճառներով սահմանված պատժամիջոցների չեղարկման դեպքում»: