Ռուս զինծառայող Վադիմ Շիշիմարինը Կիևում ընթացող դատավարության ժամանակ ամբողջությամբ ընդունել է իր մեղքը, գրում է ուկրաինական Grati-ն։ Սա Ուկրաինայում ռուս զինվորականների դեմ ռազմական հանցագործությունների առաջին գործն է, որը դատարան է ներկայացվել 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր։
Շիշիմարինը 21 տարեկան է, նա ռուսական բանակի սերժանտ է և Մոսկվայի շրջանի 4-րդ տանկային Կանտեմիրովսկայա դիվիզիայի վաշտի ղեկավար։ Քննիչների տվյալներով, փետրվարի 28-ին նա սպանել է 62-ամյա Ալեքսանդր Շելիպովին, որն անզեն է եղել։
Մեղադրյալը պատմել է, որ նահանջելու ժամանակ ինքն ու իր ծառայակից ընկերները խլել են քաղաքացիական Volkswagen ավտոմեքենա։ Ճանապարհին տեսել են մի անզեն տղամարդու, որը հեռախոսով խոսելիս է եղել. «Ինձ հրամայեցին կրակել, մի անգամ կրակեցի, նա ընկավ, մենք շարունակեցինք մեր ճանապարհը»:
Դատավորի հարցին՝ արդյոք իրեն լիովին մեղավոր է ճանաչում, Շիշիմարինը պատասխանել է՝ այո:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում սերժանտը պատմում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուկրաինացի զինվորականները գնդակոծել են ռուսական տեխնիկայի շարասյունը։