Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը և ԵՊՀ-ն:
Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի դպրոցների 7-12-րդ դասարանների շուրջ 200 աշակերտներ, որոնք տարբեր մասնագիտական բաժանմունքներում ներկայացրել են իրենց կատարած հետազոտական աշխատանքները և դրանց արդյունքները: Միջոցառման նպատակն էր խթանել դպրոցում հետազոտական աշխատանքների իրականացումը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և բուհ-դպրոց համագործակցության ընդլայնմանը։
Ներկաներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով աշակերտների մասնակցությունն աշխատաժողովին:
«Սովորողակենտրոն լինելը նշանակում է ստեղծել պայմաններ ու միջավայր, որտեղ մեր սովորողները կհասկանան, որ իրենց լսում են, և իրենց խոսքը կարևոր է: Մենք ձեզ լսում ենք ոչ միայն, որ դուք մեր աշակերտներն ենք, այլ որովհետև ձեզնից շատ բան ունենք սովորելու։ Սա է զարգացման ճանապարհը, և մեր դերը ձեզ ուղղորդելն է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` վստահություն հայտնելով, որ այս միջավայրը կնպաստի նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։
Փոխնախարարը կարևորել է, որ կրթությունը չի ավարտվում դպրոցով, այլ շարունակվում է ողջ կյանքի ընթացքում:
«Այսօր աշակերտները, ներկայացնելով իրենց նախագծերը, նպաստում են նախագծային ուսուցման ամբողջական ձևավորմանը, ինչը մենք փորձում ենք հանրակրթության պետական նոր չափորոշիչով պարտադիր դարձնել»,- փաստել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ նմանօրինակ աշխատաժողովները կլինեն պարբերական։
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել նաև ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը և ՀՀ դպրոցների տնօրեններ:
Աշխատաժողովի մասնակից բոլոր աշակերտներին տրվել են վկայականներ։ Միջոցառման ավարտին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները հանդես են եկել երաժշտական կատարումներով: