Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը տեսակապի միջոցով 20 րոպե զրուցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, որի ընթացքում «քարտեզ ձեռքին» ուկրաինական պատերազմն արդարացնող փաստարկներ է բերել։ Այս մասին Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ասել է իտալական Coriera della Sera պարբերականին տված հարցազրույցում։
Հարցազրույցում քահանայապետը խոսել է Ուկրաինայում հրադադարի հասնելու իր փորձերի մասին, որոնք դեռևս արդյունքի չեն հանգեցրել։ Պատերազմի հենց առաջին օրը Ֆրանցիսկոսը հեռախոսով խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, իսկ Վլադիմիր Պուտինին զանգահարելու փոխարեն անձամբ այցելել է ՌԴ դեսպանին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու խնդրանքը նրան փոխանցելու համար։ Հետո հաղորդագրություն է փոխանցել Պուտինին, որ պատրաստ է այցելել Մոսկվա։ Ըստ Ֆրանցիսկոսի, դա ավելի կարևոր կլիներ, քան իր այցը Կիև։
Ընդ որում, Հռոմի պապը թերահավատորեն է վերաբերվում այն մտքին, որ պատրիարք Կիրիլը կարող է օգնել իրեն կրակը դադարեցնելու հետ կապված Պուտինին համոզելու հարցում։ Այս համատեքստում Ֆրանցիսկոսը նշել է քարտեզի դրվագը: Կիրիլի խոսքերին ի պատասխան Պապն ասել է. «Եղբա՛յր, մենք պետական պաշտոնյաներ չենք, մենք չենք կարող օգտագործել քաղաքականության լեզուն, միայն Հիսուսի լեզուն։ Դա անելու համար մենք պետք է խաղաղության ուղիներ փնտրենք»։ Հռոմի պապի կարծիքով, պատրիարքը «չպետք է վերածվի պուտինյան զոհասեղանի»։
Միաժամանակ Հռոմի պապը նշել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը համարվում է Պուտինին համեմատաբար մոտ եվրոպական առաջնորդ, իրեն ասել է, որ Ռուսաստանը նախատեսում է ռազմական գործողություններն ավարտել մինչև մայիսի 9-ը։ Թե ինչի վրա է հիմնված այս կանխատեսումը, բացի Գերմանիայի դեմ տարած հաղթանակի տարեդարձի խորհրդանշական իմաստից, չի նշվում։ «Ես հոռետես եմ, բայց մենք պետք է ամեն ինչ անենք պատերազմը դադարեցնելու համար»,- եզրափակել է Ֆրանցիսկոսը:
Պատրիարք Կիրիլն ուղղակիորեն չի աջակցել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները, սակայն պատերազմի սկզբից նա մի շարք հայտարարություններ է արել՝ ի նշան համերաշխության ռուսական իշխանությունների քաղաքականությանը։ Նա, մասնավորապես, ասել է, որ Դոնբասում «մետաֆիզիկական» պայքար է ընթանում, որի իմաստը, ի թիվս այլ բաների, այն է, որ Դոնեցկի բնակիչները չեն ցանկանում գեյ-շքերթներ անցկացնել։
Մայիսի 3-ին, Մոսկվայում պատարագից հետո Կիրիլը, մասնավորապես, ասել է. «Մենք ոչ մեկի հետ չենք ուզում պատերազմել, Ռուսաստանը երբեք որևէ մեկի վրա չի հարձակվել։ Զարմանալի է, երբ մեծ ու հզոր երկիրը երբեք ոչ մեկի վրա չի հարձակվել, այլ միայն պաշտպանել է իր սահմանները»։