ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օրինագիծ է հաստատել, որը թույլ կտա Ռուսաստանի հետ կապ ունեցող ակտիվներն օգտագործել Ուկրաինային օգնելու համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Օրինագծին, որը ներկայացրել են դեմոկրատ Թոմ Մալինովսկին և հանրապետական Ջո Ուիլսոնը, կողմ է քվերակել 417 կոնգրեսական, դեմ՝ ութը:
Փաստաթղթում նշվում է, որ տվյալ միջոցները պետք է ձեռնարկվեն 2 մլն դոլարից սկսած արժեք ունեցող, այդ թվում՝ ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին պատկանող ակտիվների նկատմամբ։ Օրենքը կտարածվի նաև ՌԴ իշխանությունների աջակցությամբ ձեռք բերված ակտիվների վրա:
Ենթադրվում է, որ բռնագրավված միջոցները կվերավաճառվեն, իսկ հասույթը կուղղվի Ուկրաինային ռազմական, հումանիտար օգնություն տրամադրելուն, ինչպես նաև այդ երկրի ենթակառուցվածքների վերականգնմանը և այլ երկրներում գտնվող ուկրաինացի փախստականներին օգնությանը։
Բացի այդ, նախատեսում է այդ միջոցներն օգտագործել նաև «ՌԴ ժողովրդի զարգացմանն աջակցելու, այդ թվում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտում ծրագրերի և դրանց մոնիտորինգի համար»։
Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ը պետք է ստեղծի միջգերատեսչական խումբ՝ պետքարտուղարի գլխավորությամբ, որը «կորոշի այս օրինագիծը կյանքի կոչելու սահմանադրական մեխանիզմները»։