Հենց այստեղից դուրս գամ, լրացնելու եմ տարիների բացը․ կին դատապարտյալ

Խոսք Ուղիղ խոսք 3 տարի առաջ - 21:32 07-04-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող


Այսօր՝ Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնին, Oragir.news-ը այցելել էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), որտեղ պահվում են անազատության մեջ գտնվող կին դատապարտյալներն ու կալանավորները։ Այս քրեակատարողականն իր տեսակով միակն է, քանի որ Հայաստանում այլ ՔԿՀ-ներ չկան, որտեղ կարելի է տեսնել կին դատապարտյալների։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող կանայք հանդես եկան Մայրության և գեղեցկության տոնին նվիրված տոնական միջոցառմամբ: Օրն անցավ բավականին ջերմ մթնոլորտում:

Կանանց մեծամասնությունը տեսախցիկների առջև խոսել չի ցանկանում, քանի որ շատ դեպքերում դատապարտյալ կանանց մտերիմները չգիտեն, թե որտեղ են նրանք։ Դատապարտյալ կանանց մի մասը կատարում է որոշակի աշխատանք, ինչի համար վարձատրվում է։ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը շատ դատապարտյալների համար դարձել է տուն, չնայած շենքային պայմաններն այնքան էլ լավը չեն, բայց դատապարտյալները հարմարվել են։

Հիմնարկում կան կանայք, որոնք երեխաների հետ են:
«Եթե երեխան ծնվել է քրեակատարողական հիմնարկում, մինչև 3 տարեկան դառնալը պետք է մնա մոր մոտ, իսկ այն դեպքերում, երբ լրանում է երեխաների 3 տարին, բայց մայրը դեռ ազատության մեջ չէ, երեխային, մոր համաձայնությամբ, հանձնում ենք հարազատներից մեկին կամ տեղափոխում մանկատուն»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Սոցիալական- հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Նունե Միքայելյանը։

Լիլիթ Հարությունյան