Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և պահանջել դադարեցնել Ուկրաինայի հետ պատերազմը։
Մակրոնը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում, դադարեցնել հարձակումները խաղաղ բնակչության վրա, պահպանել քաղաքացիական ենթակառուցվածքները և մուտքը դեպի ճանապարհներ։
Իր հերթին Պուտինը Մակրոնին ասել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար, և հակամարտության կարգավորումը հնարավոր է, եթե հաշվի առնվեն Ռուսաստանի օրինական անվտանգության շահերը։ Այն է՝ Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչում, ուկրաինական պետության ապառազմականացում և ապազգայնացում և Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովում։
«Ուկրաինայի կարգավորումը հնարավոր է նրա ապառազմականացման և ապազգայնացման, չեզոք կարգավիճակի և Ղրիմի ճանաչման դեպքում: Սպառնալիքը գալիս է ուկրաինացի ազգայնականներից, որոնք խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան՝ գնդակոծելով Դոնբասի քաղաքները», - Պուտինի խոսքերը մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարությունը նախատեսում է սկսել երկրում ռուս օլիգարխների ողջ ունեցվածքի բռնագրավումը: