Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Բրյանսկի շրջանում այսօր ուկրաինացի զինյալների կողմից իրականացված հարձակումը որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Риа Новости լրատվական գործակալությունը։
Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինային սահմանակից տարածաշրջանում տիրող իրավիճակը, նշել է, որ դիվերսանտները կրակել են քաղաքացիական մեքենայի վրա՝ տեսնելով, որ այնտեղ երեխաներ կան։
«Այսօր կատարել են հերթական ահաբեկչությունը, հերթական հանցագործությունը։ Նրանք մտել են սահմանային գոտի ու կրակ բացել խաղաղ բնակիչների վրա։ Տեսել են, որ քաղաքացիական մեքենա է, տեսել են, որ խաղաղ բնակիչներ ու երեխաներ են նստած։ Կրակ են բացել նրանց վրա։ Հենց այս մարդիկ են իրենց առջև խնդիր դրել զրկել մեզ պատմական հիշողությունից, մեզ զրկել մեր պատմությունից, զրկել մեզ մեր ավանդույթներից, լեզվից»,- ասել է Պուտինը «Մենթորների դպրոց» կրթական ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ այդ հանցագործությունները կատարում են նեոնացիստները և նրանց տերերը։ Նրա համոզմամբ՝ հենց այս տերերն անգամ ուշադրություն չեն դարձնի այսօրվա հարձակմանը։ «Ռուսաստանի հակառակորդներին չի հաջողվի, մենք կջախջախենք նրանց»,- եզրափակել է Պուտինը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է
Oragir.News-ը, այսօր առավոտյան ուկրաինական դիվերսիոն խումբը ներթափանցել է Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանի տարածք։ Լուբեչան գյուղում դրա մասնակիցները կրակել են մեքենայի ուղղությամբ՝ տեղի մեկ բնակիչ է զոհվել, տասամյա մեկ երեխա՝ վիրավորվել։ Բացի այդ, Սուշանի գյուղում, որը նույնպես գտնվում է Կլիմովսկի շրջանում, բնակելի շենք է հրդեհվել ուկրաինական անօդաչու թռչող սարքից արձակված արկից։ Ուկրաինական կողմը հերքում է այս տեղեկությունները և դրանք որակում որպես դասական սադրանք։