Եվրամիությունն արգելք է սահմանել Ռուսաստանի հետ առևտրի պետական ֆինանսավորման կամ այդ երկրում ներդրումներ կատարելու վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԵՄ Խորհրդի որոշմանը։
«Այս որոշմամբ արգելվում է Ռուսաստանի հետ առևտրի կամ Ռուսաստանում ներդրումների համար պետական ֆինանսավորման կամ ֆինանսական աջակցության տրամադրումը՝ մի շարք բացառություններով»,- պարզաբանել է Խորհուրդը՝ հավելելով, որ այս դեպքում բացառությունները կլինեն փոքր և միջին բիզնեսում, գյուղատնտեսությունում, բժշկական կամ հումանիտար կարիքների համար ներդրումները:
Պատժամիջոցները կազդեն նաև ՌԴ կառավարության, Ռուսաստանի Բանկի, Ալֆա-Բանկի, «Օտկրիտիե»-ի, «Ռոսիա» բանկի և Պրոմսվյազբանկի վրա: Կսահմանափակվի եվրոպական կապիտալի շուկային նրանց հասանելիությունը՝ կապված Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ։ Այս ֆինանսական հաստատություններին կարգելվի տեղաբաշխել, վաճառել, գնել կամ այլ կերպ օգտագործել 2022թ․-ի ապրիլի 12-ից հետո թողարկված արժեթղթերը և այլ վարկային գործիքները։
Նման արգելք է մտցվել «ցանկացած խոշոր ֆինանսական կառույցի համար, որոնցում պետությունն (ՌԴ) ունի 50%-ից ավելի մասնակցություն» կամ «զգալի է դրանց դերակատարումը ՌԴ-ին, նրա կառավարությանը կամ Կենտրոնական բանկին աջակցության գործում»։