«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը, որը տեղի է ունեցել երեկ Մարզահամերգային համալիրում, մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ պատվիրակության կազմում ՀՀ ժամանած երկու ադրբեջանցի պատգամավորների մասնակցությունը վեհաժողովին զայրույթ էր առաջացրել և՛ հանրության, և՛ մի շարք քաղաքական գործիչների շրջանում, ինչի համար էլ մի խումբ ցուցարարներ, քաղաքական գործիչներ Մարզահամերգային համալիրի մոտ իրենց բողոքի ձայնն էին արտահայտում։
Ինչպես տեղեկացրել էինք՝ Հայաստան ժամանած երկու ադրբեջանցի պատգամավորները այսօր էլ գնացել են Երևանում գտնվող պարսկական Կապույտ մզկիթ, պատգամավորներից մեկը՝ Սոլթան Մամադովը, այն ներկայացրեց որպես ադրբեջանական, որի մասին գրառում էր արել ու լուսանկար հրապարակել՝ ասելով, որ եղել են Կապույտ մզկիթում, ու այն Երևանում մնացած միակ ադրբեջանական հուշարձանն է՝ նշելով, որ հավատում են, որ իրական տերերը շատ շուտով կկարողանան աղոթել մզկիթում։
Oragir.news-ը զրուցեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ, որն անդրադարձավ ադրբեջանցի պատգամավորի գրառմանը։
Ոսկանյանն այս գրառումը բնորոշեց որպես լկտիության դրսևորում՝ ասելով, որ թշնամական պետության բռնապետական վարչախումբը ներկայացնող այդ պատգամավոր կոչեցյալները այնքան են լկտիացել, որ ոչ միայն այցելում են Երևան ու սեփական քարոզչությունը փորձում են առաջ մղել հենց Երևանի սրտից, որտեղ գտնվում է իրանական շիաական ճարտարապետության գոհարներից մեկը՝ պարսկական Կապույտ մզկիթը, և անվանում են ադրբեջանական։
«Իրականում որևէ պարագայում չի կարելի կոչել ադրբեջանական՝ հաշվի առնելով մի հանգամանք, որ երբ մզկիթը կառուցվում էր, Երևանը գտնվում էր իրանական կայսրության կազմում, և իրանական կայսրության կազմում գտնվելով՝ որևէ պարագայում իրենց չէին կոչում ո՛չ ադրբեջանցիներ, ո՛չ էլ ենթադրում էին, որ առաջիկայում կամ ապագայում՝ տասնամյակներ անց կամ հարյուրամյակներ անց իրենց սկսելու են կոչել ադրբեջանցիներ, հետևաբար՝ պատգամավոր կոչեցյալի ասածները որևէ աղերս չունեն իրականության հետ»։
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այդ գրառման մեջ աղոթելու հանգամանքին՝ ասաց, որ մզկիթի իրական տերերն այնտեղ աղոթում են, իսկ ՀՀ ժամանող իրանցիները գիտեն մզկիթը, ըստ էության, որպես մշակութային և կրոնական կենտրոն, որը կառավարում է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնը, և Երևան այցելող հավատացյալ իրանցիները և ոչ միայն նրանք, այլև այլ մահմեդականներ, հաճախ այցելում են մզկիթ և մասնակցում են կրոնական ծիսակատարություններին։
Ոսկանյանն ասաց՝ առնվազն տարօրինակ է, որ աղոթելու մասին խոսում է մի երկրի ներկայացուցիչ, որը խիստ կասկածելի է, որ անձամբ կարող է իրականացնել շիաական աղոթք, այսինքն՝ պետություն, կամ արհեստածին կազմավորում, որտեղ շիա հավատացյալները ենթարկվում են պարբերական բռնաճնշումների և հետապնդումների. «Ասվածիս լավագույն ապացույցը հենց Բաքվի մոտակայքում գտնվող Նարդարան ավանում իրականացված գործողություններն են, որտեղ շիա հավատացյալների նկատմամբ բիրտ ուժ կիրառվեց, և տեղի ունեցավ շիաական իսլամի այնպիսի պղծում, ինչպիսին դիցուկ իսլամական շիաական սգո ծիսակատարության դրոշները մզկիթների վրայից գետնին շպրտելն էր, որը չափազանց վիրավորական է մահմեդականների համար»։
Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շիաական սրբավայրերը պղծող պետության և բռնատիրական վարչախմբի ներկայացուցիչն այսօր իրեն դրել է հավատացյալ մահմեդականի տեղ .«Ես կարծում եմ, որ նման անձինք պետք է շատ բարձրաձայն խոսեն այդ բոլոր բռնաճնշումների մասին, եթե իսկապես մահմեդական շիա հավատացյալներ են՝ հենց այս պահին Բաքվի բանտերում պահվող շիա հավատացյալների մասին, որոնք քաղբանտարկյալներ են, և դա հաստատված է բազմաթիվ փաստերով և նաև միջազգային կառույցների գնահատականներով։ Թող խոսեն այդ մարդկանց մասին և նրանց ազատ արձակեն, որովհետև չեմ կարծում, որ այն մարդիկ, որոնք իրական հավատացյալներ են՝ ի տարբերություն նշված անձանց, բանտերում ունեն աղոթելու բոլոր հնարավորությունները ։ Հետևաբար, եթե աղոթելու խնդիր կա, ապա Բաքվի բռնապետը պետք է շիա հավատացյալների համար աղոթելու հնարավորություններ ապահովի առաջին հերթին իր երկրում»։
Ոսկանյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչո՞ւ է պատգամավորն իր գրառման մեջ մզկիթն անվանել այլ երկրի ժառանգություն կամ հուշարձան՝ ասաց, որ Կապույտ մզկիթը ՀՀ տարածքում գտնվող հուշարձան է, հետևաբար պատկանում է ՀՀ-ին, և մենք տարբերակում չենք մտցնում մեր երկրի տարածքում գտնվող քրիստոնեական, մահմեդական կամ այլ դավանանքի սրբատեղի, այլ այն համարվում է մշակութային ժառանգություն, որը նաև մեր մշակութային ժառանգությունն է, և աչքի լույսի պես, ինչպես Կապույտ մզկիթի պարագայում է, պահպանում ենք այդ ժառանգությունը»։
Իրանագետն ասաց նաև, որ Կապույտ մզկիթի պահպանման գործում մարտնչող աթեիզմի տարիներին, երբ քանդվում էին ամեն տեսակի հոգևոր կառույցներ, այդ թվում՝ եկեղեցիներ և մզկիթներ,Կապույտ մզկիթի պահպանման գործում մեծագույն դերակատարում է ունեցել Եղիշե Չարենցը, հետևաբար՝ Բաքվի բռնապետի այդ բաշիբոզուկները պետք է գիտակցեն, որ Երևանը 1918 թվականին չեն կարողացել գրավել նույնիսկ իրենց մեծ եղբայրները՝ օսմանցիները, որոնք ջարդուփշուր են եղել Սարդարապատի ճակատամարտում։
«Պետք է այդ երկու ադրբեջանցի պատգամավորներին կարգի հրավիրել, և հասկանան, որ, այո՛, ՀՀ-ում կան անձինք, և մեր հասարակությունը նրանց վարքագիծը համարում է թշնամական վարքագիծ, և նրանց վարքագծին պետք է տրվի հստակ գնահատական, էլ չասեմ, որ նրանք պետք է պատիժ կրեն նման գործողությունների և հայտարարությունների համար» ։
Քնարիկ Պետրոսյան