ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ևս մեկ անգամ նախազգուշացրել է Ռուսաստանին «կեղծ գործողությունների» մասին, որտեղ անհայտ ռուսական զորքերն օգտագործվում են դիվերսիա իրականացնելու և Ուկրաինայի վրա հարձակվելու պատրվակ ստեղծելու համար։
«Մենք գիտենք, որ բավականին շատ ռուս հետախույզներ կան, որոնք աշխատում են Ուկրաինայի տարածքում», - ասել է Սթոլթենբերգը, որը ելույթ է ունեցել Բրյուսելում ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ:
Նա կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել ներխուժման ծրագրերից՝ նշելով, որ «երբեք ուշ չէ հարձակումը չեղարկելու համար» և ընդգծել Ուկրաինայի՝ որպես միջազգային հանրության կողմից ճանաչված ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքը՝ ձգտել անդամակցել ՆԱՏՕ-ին:
«Մենք չենք կարող թույլ տալ վերադարձ ազդեցության ոլորտների դարաշրջան, երբ մեծ տերությունները վախեցնում են այլ ինքնիշխան երկրներին կամ իրենց պայմաններն են թելադրում նրանց»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ անվտանգության փոփոխվող իրավիճակի ֆոնին ՆԱՏՕ-ն այժմ դիտարկում է իր հաջորդ քայլերը, որոնց թվում կա մարտական խմբերի կիրառման տարբերակը, օրինակ՝ Ռումինիայում։