Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի՝ ՊԵԿ որոշ պաշտոնյաների հետ կապված սկանդալային բացահայտումներից հետո, որոնք արվեցին պետերբուրգյան բանտից` «Հրապարակ» թերթի միջոցով, թվում էր, թե հայաստանյան իրավապահ կառույցներն արագ գործի կանցնեն եւ նրա նամակը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելով՝ կսկսեն նյութեր նախապատրաստել: Այս մասին փետրվարի 9-ի համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը, ապա ամանրամասնում․
«Մասնավորապես` մաքսային կառույցի ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի մասով: Սակայն դրա փոխարեն Փաշինյանի անձնական անվտանգության պաշտպանությունը ստանձնած ԱԱԾ-ն «կոնտր» գործընթաց է նախաձեռնել»,-գրում է Հրապարակը։ Ըստ թերթի հրապարակման՝ այդ բացահայտումներից հետո ԱԱԾ աշխատակիցները զանգահարում են բոլոր նրանց, որոնց հետ Ավագյանը կոնտակտ, հեռախոսազրույց է ունեցել, եւ հարցուփորձ են անում, թե ինչ է խոսել, ինչի առիթով է շփվել տվյալ անձը Ավագյանի հետ: Մեզ ասացին, որ օրերս կապվել են լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի հետ եւ, իմանալով, որ լրագրողի հետ են խոսում, ով գործի բերումով է շփվել Ավագյանի հետ, դադարեցրել են զրույցը՝ խուսափելով նոր աղմուկից։