ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին մասնակցել է «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա պաշտոնական բացման արարողությանը։ Միջոցառումը մեկնարկել է ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Դուբայում Expo 2020 ցուցահանդեսի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին շնորհակալություն է հայտնել Հայաստանին այս գլոբալ միջոցառմանը մասնակցության համար և ընդգծել, որ այն վկայում է երկու երկրների միջև ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունների մասին։
«Նա վստահություն է հայտնել, որ ցուցահանդեսը նոր հաջողություններ և համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի մասնակից երկրների համար, քանի որ հատկապես հիմա այս խոշորագույն ցուցահանդեսը հիանալի հարթակ է միանալու ավելի կայուն ապագա կերտելու գլոբալ քննարկումներին։
Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի նորարարությունների, արհեստական բանականության և մի շարք այլ ոլորտներում՝ մատնանշելով այն մեծ ինտելեկտուալ ռեսուրսը, որ ունի Հայաստանը տեխնոլոգիաների ստեղծման ոլորտում։ Իր խոսքում նա գերազանց է գնահատել Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսում.,- ասվում է հաղորդագրության մեջ։