Հայաստանը՝ 62 երկրների շարքում, մայիսի 15-ից 19-ը մասնակցում է Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տարածաշրջանում կազմակերպված ամենախոշոր ցուցահանդեսն է համավարակի ժամանակահատվածում։
Դուբայի աշխարհի առևտրային կենտրոնում, մայիսի 15-ին՝ «Նոր լուսաբաց ճամփորդությունների և զբոսաշրջության համար» խորագրի ներքո, պաշտոնապես բացեց իր դռները ATM Dubai 28-րդ զբոսաշրջային ցուցահանդեսը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Չնայած համավարակով պայմանավորված ճամփորդական սահմանափակումներին՝ աշխարհի տարբեր երկրների կողմից մասնակցությունը ցուցահանդեսին աննախադեպ է, ինչը նոր ազդակ է ոլորտի վերականգնմանը։ Ցուցահանդեսում ներկայացված է 1300 տաղավար աշխարհի 62 երկրներից, այդ թվում՝ Իսրայելից, Սաուդյան Արաբիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Հարավային Կորեայից, Եգիպտոսից, Թաիլանդից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից և այլն։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն պետական տաղավարով, տեղական մի շարք զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, մասնակցում է ցուցահանդեսին։
«Հայաստանի ներկայացվածությունը ATM Dubai ցուցահանդեսին հենց այս ժամանակահատվածում չափազանց կարևոր է, քանի որ համաշխարհային զբոսաշրջությունը սկսել է առողջացման միտումներ արձանագրել, ինչի մասին էլ վկայում է բազմաթիվ երկրների ակտիվ մասնակցությունը», - նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։
Ցուցահանդեսին Հայաստանի պաշտոնական տաղավարով մասնակցությունն իրականացվում է Զբոսաշրջության կոմիտեի կողմից և սուբսիդավորվում է Զբոսաշրջության 2021 թվականի ծրագրի շրջանակներում։ Տաղավարի կառուցապատումը հովանավորել է Al Khalidiah Tourism-ը։