Անգլիայի դատարանը մերժել է բանտարկյալ Ռոբերտ Մոդսլիի՝ նույն ինքը՝ «Հաննիբալ-կանիբալ»-ի դիմումը՝ մենախցից սովորական բանտախուց տեղափոխելու վերաբերյալ։ Այժմ, ինչպես գրում է Daily Star-ը, Մոդսլին, ով Բրիտանական կղզիների ամենավտանգավոր հանցագործներից մեկի համբավն ունի, ցմահ ազատազրկման մնացած մասը կկրի գետնի տակ գտնվող ապակե մեկուսարանում։
Աշխատելով որպես մարմնավաճառ՝ Մոդսլին 1974 թվականին սպանել է անգլիացի Ջոն Ֆարելին, որից հետո ինքնակամ հանձնվել է ոստիկանություն՝ ասելով, որ հոգեբուժական օգնության կարիք ունի։ Նրան տեղավորել են հոգեկան հիվանդ հանցագործների կլինիկայում, քանի որ փորձաքննությունը հաստատել է նրա հիվանդությունը, իսկ մինչ այդ նա մեկ անգամ չէ, որ ստացել է հոգեբույժների օգնությունը թմրամոլության և ինքնասպանության բազմաթիվ փորձերի պատճառով։ Հիվանդանոցում ժամեր տեւած խոշտանգումներից հետո նա սպանել է մանկապղծության համար դատապարտված մեկ այլ հոգեկան հիվանդ հանցագործի։ Դրանից հետո նա դատապարտվել է ցմահ ազատազրկման, որը պետք է կրեր Ուեյքֆիլդի բանտում։ Այնտեղ նա սպանել է ևս երկու մարդու։
Դրա պատճառով 1983 թվականին Մոդսլին չափազանց վտանգավոր է համարվել այլ հանցագործների համար, ինչի կապակցությամբ նրան հատուկ ստորգետնյա խցիկ են հատկացրել։ Այնտեղ նա անցկացնում է օրական 23 ժամ։ Ապակե խցիկում նա ունի սեղմված ստվարաթղթից պատրաստված սեղան և աթոռ, երկաթբետոնե մահճակալ, ինչպես նաև զուգարան և լվացարան՝ պտուտակված հատակին: Զբոսանքի օրը նրան պետք է ուղեկցեն առնվազն չորս սպա։ Նրան թույլ չեն տալիս նաև շփվել այլ բանտարկյալների հետ։
Մոդսլին, ով բանտում է 1977 թվականից, ամենաերկար պատիժն է կրում Մեծ Բրիտանիայի բոլոր կենդանի բանտարկյալներից: