Հայտնի են ռուսների շրջանում «պատվաստումային» շրջագայությունների ամենատարածված ուղղությունները
copy image url

Հայտնի են ռուսների շրջանում «պատվաստումային» շրջագայությունների ամենատարածված ուղղությունները

Արտաքին 3 տարի առաջ - 17:16 28-12-2021

Ավելի քան 6 հազար ռուսաստանցիներ մեկնել են արտերկիր՝ արտասահմանյան դեղամիջոցներով կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար, ընդհանուր առմամբ նման շրջագայությունների վրա ծախսվել է մոտ 310 միլիոն ռուբլի։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի կայքում։

Ռուսների համար «պատվաստումային» շրջագայությունների մեկնելը հնարավոր դարձավ այս տարվա սեպտեմբերին։

Այժմ տուրօպերատորները ամեն շաբաթ մշակում են արտերկրում պատվաստվել ցանկացողների 20-ից 100 դիմում։ Դա կարելի է անել Սերբիայում, Խորվաթիայում, Հունաստանում, Սլովենիայում, Բուլղարիայում, Գերմանիայում և Հայաստանում: Ռուսների շրջանում ամենամեծ պահանջարկն ունի Խորվաթիան, քանի որ այնտեղ կարելի է անվճար պատվաստվել տարբեր դեղամիջոցներով՝ Johnson & Johnson, Pfizer, Moderna և AstraZeneca:

Երկրորդ տեղում է Սերբիան (Pfizer, AstraZeneca և Sinopharm), որին հաջորդում է Բուլղարիան (Pfizer և միաբաղադրիչ Johnson & Johnson):

«Ըստ տուրօպերատորների վիճակագրության՝ հիմնականում ռուսները նախընտրում են պատվաստվել արտասահմանում մեկանգամյա Johnson & Johnson պատվաստանյութով»,- ասվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի հաղորդագրության մեջ:

Դա պայմանավորված է նրանով, որ միաբաղադրիչ պատվաստանյութով պատվաստվելիս կարելի է գնալ Զագրեբ, Աթենք կամ Սոֆիա մեկ անգամ, մինչդեռ երկբաղադրիչ դեղամիջոցով պատվաստման համար, օրինակ, Սերբիայում, կպահանջվի երկու ուղևորություն, պարզաբանել է Տուրօպերատորների ասոցիացիան: