Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու, ավագանու մանդատը վայր դնելու, ավագանու և օրենսդիր-գործադիր հարաբերությունների վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության, Երևանի ավագանու նախկին անդամ Վահե Գևորգյանի հետ։
-Ավագանու քիչ անդամներ Հայկ Մարությանին անվստահություն հայտնեցին, որոնցից մեկը Դուք էիք։ Ո՞րն է անվստահություն հայտնելու գործընթացի հիմքը, առաջին հայացքից կարծես օրինաչափ և տրամաբանական գործընթաց էր տեղի ունեցել և ամեն ինչ հրապարակային և օրինական է տեղի ունեցել։
-Այո, ամեն ինչ հրապարակային և օրինական է տեղի ունեցել, բայց մենք մոռանում ենք, որ սա ոչ ստանդարտ իրավիճակ է և այդ ոչ ստանդարտ իրավիճակում ձևավորվել է «Իմ քայլը» դաշինքը, եթե մենք էլի այս ձևով լուծումներ ենք տալիս հարցերին, հեղափոխության կարևոր արժեքներից մեկն իբրև ժողովրդավարությունն է ու քաղաքապետն էլ ստացել էր առաջնային մանդատ, ութսուն տոկոս ձայն էին հավաքել բացի դրանից՝ հեռացման հիմքերը, տրամաբանական չեն, նաև բացի դա, երբ ասում են, որ խզել է կապը քաղաքական թիմի հետ, ապա ո՞ր քաղքական թիմի հետ է խզել կապերը։ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետարանը ՔՊ չէ, այն ձևավորվել է հեղափոխությունից անմիջապես հետո, իսկ ցուցակը, երբ կազմվել է, ու շատ մարդկանց ասել են, որ կուսակցական և մասնագիտական հմտություններով օգուտ կտաս, տարբեր շերտերի ու տարբեր ոլորտների մարդկանց ժամանակին հավաքել են մեկ դաշինքում, սակայն այդ գաղափարը ժամանակի ընթացքում փոշիացավ։
-Արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է, որ գործադիրն ու օրենսդիրը միասին աշխատեն ավագանու մեծամասնության հետ, բայց նրանք մատնանշում են ուրիշ խնդիրներ, օրինակ՝ անարդյունավետ կառավարում, կոռուպցիայի դեմ չպայքարելը և այսպես շարունակ։ Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ։
-Հիմա տեսեք, ասում են՝ կապը խզվել է միմյանց հետ, գուցե Կառավարության մեղքո՞վ է խզվել։ Որովհետև քաղաքապետարանը այս տարիների ընթացքում գործել է անկախ, հրահանգավորված, նշանակումներ, անհեթեթ հիմնավորումներով, ու կառավարության մոտ, այսպես ասած, դիսկոմֆորտ է, որ չեն կարողանում քաղաքապետարանում հարցեր լուծել։ Հիմա, եթե դա խզում չեն համարում, ապա թող ասեն ինչո՞ւ չի աշխատում։ Իրենք էլ չեն հերքում, որ Կառավարության մի քանի անդամներ կազմակերպել են ավտոբուսների բոյկոտը։
-Ըստ Ձեր վերլուծության՝ քաղաքական պարզ կոնֆլիկտի պատճառով արժե՞ հազարավոր մարդկանց թողնել կանգառում կանգնած։
-Խնդիրն էլ հենց դա էր, փորձը ցույց է տվել, որ ցանկացած խնդրի վերաբերյալ շատ կարճաժամկետ լուծումներ են առաջարկում ցանկացած հարցում, ու կապ չունի հետո ինչ կամ ոնց կլինի։
-Փաստորեն, գալիս ենք այն եզրահանգման, որ ըստ Ձեզ, նա հեռացվեց ինչ-որ շրջանակի քմահաճույքի պատճառով։
-Մարությանի անձից զատ, այստեղ պետք է հիմնավորում գտնել՝ նրա հեռանալու համար։ Անգամ այս իրավիճակում հիմնավորում անել, որ կապը խզվել է չի կարող լինել։ Ավագանին չէր գալիս նիստերին, որևէ մեկը չի հարցնում, թե կապն ինչո՞ւ է խզվել, այդ հիմնավորումները որևէ մեկին՝ հանրության շրջանակներում, ոչ մեկին չհամոզեցին, չնայած՝ իշխանութուններն ասում են, որ անցյալ տարվա պատերազմական օրերին անգամ քաղաքապետը, որպես առանցքային կերպար, իրենց լքել է։
Քնարիկ Պետրոսյան