Բրիտանացի ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնը շահել է դատը գերմանուհու դեմ, որը 9,95 եվրոյով (11 դոլար) վաճառել էր իր երգերի ձայնագրություններով չլիցենզավորված սկավառակը:Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Դյուսելդորֆի մերձակայքում գտնվող Ռաթինգեն քաղաքում բնակվող 55-ամյա գերմանուհին հայտնել է, որ սկավառակը ստացել է իր ամուսնուց, որը պատմել է նրան, որ այն գնել է խանութից 1987 թվականին՝ իրենց ամուսնությունից շատ առաջ։ Իր հերթին երաժշտի ներկայացուցիչները նշել են, որ ձայնագրությունն իրականում անօրինական է արվել։
Դատարանը չի բավարարել կնոջ բողոքը՝ նշելով, որ արդարադատության համար նշանակություն չունի, թե արդյոք նա ինքն է ձեռք բերել ձայնագրությունը կամ թե իմացե՞լ է, որ այն ապօրինի է արված, թե՝ ոչ։ Այժմ նա ստիպված կլինի վճարել 3400 եվրո տուգանք, և եթե նա, այնուամենայնիվ, շարունակի վաճառել չլիցենզավորված ձայնագրությունները, նրան կարող է ազատազրկում սպառնալ։