Միայն այսօրվա հարցուպատասխանը բավարար էր, որ Հայաստանին ոչ ոք աշխարհում լուրջ չվերաբերվի․ Արտակ Զաքարյան
copy image url

Միայն այսօրվա հարցուպատասխանը բավարար էր, որ Հայաստանին ոչ ոք աշխարհում լուրջ չվերաբերվի․ Արտակ Զաքարյան

Ներքին 3 տարի առաջ - 23:44 08-12-2021

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը գրում է․

«21-րդ դարի միակ կապիտուլյանտն այսօր, ինչպես միշտ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը վերածեց ոտքի վրա հորինվող ստախոսության: Սատանան իհարկե ստի հայրն է, բայց եթե իմանար, որ աշխարհում Նիկոլ է լինելու, անպայման կպատենտավորեր սուտը: Հիմա նույնիսկ դժվար է ասել, սուտը սատանայից է դուրս եկել, թե Նիկոլից:

Ի միջի այլոց, Նիկոլին լուսաբանող լրատվամիջոցները, հետագայում կարող են մեղադրվել միտումնավոր կեղծ լուրերի բազմակի տարածման մեջ:

Պատգամավոր Ռուստամյանի հարցին ի պատասխան ստեց, թե բանավոր պայմանավորվածություններ չեն իրագործում, բայց Արաքսի հովիտի արյունով պահված տարածքների որոշ մասը, հանձնել է ադրբեջանական կողմի հետ ունեցած բանավոր ըմբռնման հիման վրա:

Պատգամավոր Աբրահամյանի հարցին ի պատասխան ստեց, թե Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի օկուպացիան օրակարգ բերելու հարցը գաղտնիքներ է պարունակում և նպատակահարմար չէ բարձրաձայնել: Այնինչ ադրբեջանական օկուպացիան արդեն հասել է Հայաստանի սուվերեն տարածքներին:

Պատգամավոր Ղազինյանի հարցին, թե նոր պատերազմը թույլ չտալու համար պատրաս՞տ է հրաժարվելու պաշտոնից, հարցին պատասխանելու փոխարեն, առանց ամաչելու, որ ինքն այս դժբախտ երկրի վարչապետն է, կրկին ստեց, ասելով, թե Հայաստանում կան ադրբեջանական ցանցեր և Ղազինյանը ադրբեջանական նարատիվներ տարածողներից է: Նախ, կապիտուլյանտից լավ ադրբեջանական փաստաբան, Հայաստանում դժվար թե գտնվի: Իսկ եթե դրանք նույնիսկ կան, և կապիտուլյանտը գիտի, ապա ինչո՞ւ չեն մինչև հիմա բացահայտվել՝ իրենց հետևանքներով:

Պատգամավոր Մկրտչյանի հարցին պատասխանելու փոխարեն, կապիտուլյանտը կեղծ հարցադրում արեց, իբր դուք հիմա ուզում եք միջանցք լինի՞, թե՞ չլինի: Հետո ստեց, թե պատգամավորի քաղաքական թիմի ղեկավարությունը իբր դրսից է SMS-ներ ստանում՝ անտեսելով, որ ՀՀԿ-ն Հայաստանի այն հազվագյուտ քաղաքական ուժերից է, որը արտաքին աշխարհի հետ համագործակցում է միայն ի շահ Հայաստանի և ոչ թե հակառակը՝ ինչպես ՔՊ կոչվող հավաքածուն է: Եթե ՀՀԿ-ն դրսից SMS-ներ ստացող լիներ, 2018թ. իշխանափոխությունը չէր լինի:

Այսպես տարիներ շարունակ նիկոլական սուտը տեղ գտավ Հայաստանում, փաթաթվեց Հայաստանի վզին, խեղդեց Արցախը, քանդեց բանակը, թունավորեց ու խառնակչություն մտցրեց հայ հասարակության մեջ ու վեր բարձրացավ դեպի իշխանություն:

Միայն այսօրվա հարցուպատասխանը բավարար էր, որ Հայաստանին ոչ ոք աշխարհում լուրջ չվերաբերվի: Եթե դու քեզ «ընտրած» Ազգային ժողովին, այսինքն՝ քո ժողովրդի ներկայացուցչական մարմնին ես ստում, բա էլ ո՞ւմ շահերն ես ներկայացնում այդ դեպքում»: