Նոր սերնդի թեստերի շնորհիվ բժիշկները կկարողանան ութ անգամ ավելի արագ հայտնաբերել կորոնավիրուսը։ Մոլեկուլային ախտորոշման վրա հիմնված «էլեկտրոնային քիթ» կոչվող գյուտը թույլ կտա մարդաշատ վայրերում կորոնավիրուսն օդում հայտնաբերել 10-20 վայրկյանում։
Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին հայտնել է Դաշնային բժշկակենսաբանական գործակալությանը կից Հետգենոմային տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Գերման Շիպուլինը։ Նրա խոսքով, ռուսաստանցի գիտնականները մոլեկուլային տեխնոլոգիաների ոլորտում 10-50 տարով առաջ են իրենց արտասահմանցի գործընկերներից։
Շիպուլինը բացատրել է, որ կորոնավիրուսով վարակված մարդիկ հատուկ միացություններ են արտաշնչում։ Եթե դրանք ժամանակին հայտնաբերվեն, հնարավոր կլինի կորոնավիրուսից զերծ տարածքներ կազմակերպել։
«Ի տարբերություն այսօր հասանելի կորոնավիրուսի ախտորոշման թեստային ժապավենների, մեր արագ թեստը առավելագույն ճշգրտություն ունի, քանի որ lamp տեխնոլոգիան, ինչպես և ՊՇՌ-ն, պատկանում է մոլեկուլային ախտորոշմանը։ Նույն կերպ մենք կենսանյութի մեջ հայտնաբերում ենք վիրուսը, առանձնացնում դրա ՌՆԹ-ն»,- բացատրել է կենտրոնի ղեկավարը։
Այժմ թեստը կարող է կատարել ցանկացած բժիշկ՝ հիվանդի ներկայությամբ, առանց լաբորատոր հետազոտության։