ԵՊՀ-ում Սուրեն Պապիկյանին ընտրել են ստիպված

Ներքին 3 տարի առաջ - 19:21 08-11-2021

Բացարձակապես հակասություն չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Սուրեն Պապիկյանի ընտրվելու փաստին։

«Մեր համար գերխնդիր է բուհերում մթնոլորտի բարելավումը, ես այն ժամանակ գնահատում էի բուհերի մթնոլորտը ոչ բուհական և անառողջ»,– ասաց նա և նշեց, որ ժամանակ չկորցնելու համար վերադարձել են գործող օրենքին։ Նա նշեց, որ այն, ինչ քննադատվում էր իրենց կողմից նախկինում, այսօր էլ է քննադատվում։

Նախարարը հայտնեց, որ նոր օրենք է մշակվել , որը պետք է ներկայացվի Ազգային ժողով։ «Եթե օրենքը քվեարկվեց, այս խորհուրդները դադարելու են գոյություն ունենալուց, մի կարծեք սա հավերժական խորհուրդներ են։ Մենք նոր օրենք են շրջանառել, ոչինչ չի փոխվել նույն սկզբունքները շարունակվում են, պարզապես մեր առաջ օբյեկտիվ խոչընդոտներ առաջացան։ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց նախորդ ներկայացված օրենքի որոշ դրույթներ, հիմա դա խմբագրվել է և շուտով կմտնի Ազգային ժողով և քաղաքական դեմքեր չեն լինելու։ Այսինքն՝ Կառավարությունը հավատարիմ է իր հայտարարությանը․ այն, ինչ տեսնում եք, դա ստիպված քայլ էր»,–ասաց նա։

Վահրամ Դումանյանը կոչ արեց ուսումնասիրել հարցի պատմությունը, նոր եզրահանգումներ անել։ «Սա այն թեման չէ, որ շահարկվի»,–ասաց նա։