Թվիթերում ատելության զանգվածային արշավ է սկսվել արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի դեմ։ Այս մասին գրում է The Independent-ը։
Տվյալների վերլուծությամբ զբաղվող Bot Sentinel ընկերությունը պարզել է, որ Հարիի և Մեգանի հասցեին ատելություն քարոզող հրապարակումների մոտավորապես 70%-ն ուղարկվել է 55 օգտահաշիվներից: Միևնույն ժամանակ, 114 հազար «թվիթ» վերլուծելուց հետո ընկերությունը պարզել է, որ այդ հաշիվներն օգտագործվել են բացառապես բացասական բովանդակություն ստեղծելու նպատակով, և լրացուցիչ 28 օգտահաշիվներ օգտագործվել են հիմնականների ամրապնդման համար։ Այս օգտահաշիվներից արված հրապարակումներն ավելի քան 17 միլիոն օգտատերեր են կարդացել։
Այս «հիմնական» պրոֆիլների 40%-ն արգելափակվել է, սակայն հաշիվների սեփականատերերը հատուկ մարտավարություն են օգտագործում՝ կասկածներից խուսափելու համար: Մասնավորապես, նրանք իրենց պրոֆիլներում օգտագործում են «պարոդիա» բառը և քողարկված բացասական բաներ են ասում Մեգան Մարքլի մաշկի գույնի մասին, որպեսզի չբռնվեն։ Փորձագետների կարծիքով, այս օգտահաշիվների տերերը շատ լավ գիտեն, թե ինչպես պետք է մանիպուլացնել սոցիալական ցանցի աշխատանքը և դրա ալգորիթմները։