Այն, ինչ անում է այսօր կառավարությունը, իրավաչափ չէ և ոտնձգություն է ՏԻՄ-երի անկախության նկատմամբ․ Դավիթ Խաժակյան
copy image url

Այն, ինչ անում է այսօր կառավարությունը, իրավաչափ չէ և ոտնձգություն է ՏԻՄ-երի անկախության նկատմամբ․ Դավիթ Խաժակյան

Ներքին 3 տարի առաջ - 20:34 12-10-2021

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի մի շարք համայնքներում համայնքապետի լիազորությունները կատարող պաշտոնակատարների է նշանակել: Խոսքն այն համայնքների մասին է, որտեղ համայնքապետի լիազորությունների ժամկետն ավարտվել է: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանի գնահատմամբ՝ դա ոչ այլ ինչ է, քան վարչական լծակների չարաշահմամբ՝ տեղական իշխանության ուզուրպացիա։

Oragir.news-ի հետ զրույցում Խաժակյանը նշել է, որ համայնքապետի պարտականությունները կատարող անձը պետք է ավագանու ընտրված անդամներից լինի: «Բոլոր այն համայնքներում, որտեղ ընտրակարգը համամասնական է, այսինքն՝ համայնքի ղեկավարը ավագանու անդամ է, ընտրվել է ավագանու կազմից կամ, որպես ավագանու անդամ՝ նշանակվել է քաղաքապետ, վարչապետը կամ կենտրոնական իշխանության որևէ ներկայացուցիչ իրավունք չունի նշանակելու։ Դա, առաջին հերթին, խախտում է ՏԻՄ-երի ինքնավարության սկզբունքը, երկրորդը՝ պարտադիր պահանջ է, որպեսզի այդ համայնքներում համայնքի ղեկավարը հանդիսանա ավագանու անդամ, իրավասություն ունենա հրավիրելու ավագանու նիստ և իրականացնելու համայնքի ղեկավարի լիազորությունները»,- ասել է Դավիթ Խաժակյանը։ Նրա խոսքերով՝ այն, ինչ անում է այսօր կառավարությունը, իրավաչափ չէ և ոտնձգություն է ՏԻՄ-երի անկախության նկատմամբ։

Այսպիսով, վարչապետն օրենք է խախտում և իրեն հարմար տեղական իշխանություն ձևավորում։ «Հիշեցնեմ, որ անգամ 2020 թվականի սկզբին, երբ չկար արտակարգ դրություն, Իջևան համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցին, նշանակվեց համայնքի նոր ղեկավար, բայց այդպես էլ ընտրություն չնշանակվեց։ Իջևանն առ այսօր խոշորացված չէ, ընտրություն էլ նշանակված չէ։ Միանշանակ է, որ նպատակահարմարության հարց է, որը ՏԻՄ-ի որևէ սկզբունքից չի բխում»,- ասել է Դավիթ Խաժակյանը։ Խաժակյանը կիսել է այն տեսակետը, որ Փաշինյանը, այսպիսով, բոլոր օղակներում ցանկանում է իշխանությունն «իրենով անել»։ «Նպատակը դա է, և դա իրականացվում է ոչ արդար, ոչ իրավաչափ գործիքներով»,- ասել է նա։